Մատչելիության հղումներ

Նոր շարժակազմով գործարկվել է 38 համարի երթուղին՝ Ծարավ աղբյուրից, Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ


Այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 38 համարի երթուղին․ այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին առավոտյան 07.00-ից կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Քաղաքապետը հիշեցրել է՝ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ։

«Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ: Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործենք և դրա մասին կտեղեկացնենք հանրությանը», - գրել է Երևանի քաղաքապետը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը խոստացել է, որ սեպտեմբերին Երևանի փողոցներ դուրս կգան 8,6 մետրանոց 161 նոր ավտոբուսներ։ Ընդհանուր առմամբ Երևանի նոր տրանսպորտային ցանցում նախատեսված է շահագործել շուրջ 880 ավտոբուս։

XS
SM
MD
LG