Մատչելիության հղումներ

Շիկահողի ջոկատավարուհի Մայիսկան փորձում է ապրել այնպես, կարծես ոչինչ չի փոխվել


Շիկահողցի Մայիսկա Հովհաննիսյանը

«Հեսա, տեղներս էլ նենց ա, որ նայում ենք, տեսնում ենք, հետո անհանգստանում ենք՝ տեսնես ինչ կա, իրադրությունը փոխվել ա, ինչ իմանամ»։ Շիկահողցի Մայիսկա Հովհաննիսյանի պատշգամբը նայում է գյուղ բերող ճանապարհին, Կապանից Ճակատեն, ապա Շիկահող՝ ճանապարհի 4 կիլոմետրը ադրբեջանցիներին է անցել , կպած Զանգելանի շրջանն է՝ արդեն Ադրբեջանինը։ Շիկահողի շուրջը դիրքավորված ադրբեջանցիները երբեմն կրակում են։

Սահմանապահ գյուղի բնակիչ դարծած տիկին Մայիսկան փորձում է ապրել այնպես, կարծես ոչինչ չի փոխվել․ - «Սամիթ ա, համեմ ա, կոտեմ ա՝ մեր տան համար»։ Հողն արդեն փորում է կանաչեղենի համար, հոնը ծաղկել է։ Ցերեկն, ասում է, «ոչինչ, զբաղվում եմ» , տագնապները սկսվում են գիշերը. - «Գիշերը պառկած տեղներս սպասում ենք՝ կարող ա թուրքը գա։ Հա, որ մի ձեն ա կյալիս, մենք էլ ամուսիններով տարիքով մարդիկ ենք, որ ձեն ա կյալիս, դուս ենք կյամ տեսնանք՝ էս ինչ ձե՞ն ա՝ մարդ ա եկել, թե քամին ա, թե կատուն ա․․․․»։

Շիկահողն էլ, տիկին Մայիսկան էլ անցել են Արցախյան առաջին պատերազմով , գյուղը «Գրադ»-ի արկերի տակ էր, այս տան նկուղում զինվորականներ էին հերթափոխում․ - «Հեսա, ստեղ տեղաշորը փռել էի, իրանք էլ պառկում էին։ Ստեղ էլ մի հատ սեղան էինք սարքել, որ իրանց համար ճաշեն»։

Շիկահողցիներն էլ այս նկուղում էին պաշտպանվում արկերից՝ ապահով էր համարվում, նույնիսկ տոներ էին նշում։ Այս պատերազմն, ասում է, ուրիշ էր․ - «Վերևից թափելուն՝ տակին ոչնչացնում։ Էն ժամանակ ձենը ոնց որ նախազգուշացում լներ, իսկ հիմա միանգամից կարող ա թափի։ Էս պատերազմում ԱԹՍ-ները որ պտտվում էր, [ասում էի] դուրս լյա կյամ, թմաշ անեմ՝ էէէնդի շրջվում էր լա, մեկը չորս ժամ պտտվեց՝ չորս ժամ, պատկերացնում ենք լա, որ նկարում են՝ իրանց հաղորդում»։

Մայիսկա Հովհաննիսյանը երեք տղա ունի՝ Երևան, Կապան, Մոսկվաներում են։ Ամուսնու հետ համարյա մենակ են ոչ միայն տանը, այլև այս թաղում․ - «Էս տունը դատարկ ա՝ հարևանիս տունը, էս մի տունը դատարկ ա, էն կողմով եկալ ես՝ էրկուսը դատարկ ա, էս մեկը դատարկ ա՝ ո՞վ պտի հասնի ինձ՝ ոչ մեկը։ Մենք մեր գլխի ճարը պտի տեսնենք»։

Շիկահողում այժմ ընդամենը 56 ընտանիք է ապրում։ Խորհրդային Միությունն այստեղ 250-տեղանոց դպրոց էր կառուցել՝ հեռանկարային գյուղ էր համարվում, այժմ դպրոցն ընդամենը 6 սովորող ունի։ Ինչ աղմուկ էր գյուղում, մշակույթի տանը, դպրոցում՝ հիշում է ջոկատավարուհի Մայիսկան։

«Վզկապը կապած, ամոթ էլ ա, հղի վիճակում բարձրացել եմ բեմը։ Դպրոցի էրեխեքին բերել եմ ակումբում համերգ եմ տվել, ամոթ բան չկար», - պատմում է նա։

Շիկահողի հարևանները Ադրբեջանի Ռազդարա և Քյոլլու գյուղերի բնակիչներն էին։ Մայիսկա Հովհաննիսյանը հիշում է՝ ինչ հարաբերություններ էին․ հյուրախաղերի էին գնում հարևան Ռազդարա, բարեկամության երգեր երգում․ - «Միշտ էլ միասին, էն ոնց են ասում՝ «Եղբայր դարձար Ադրբեջան-Հայաստան», էդ երգն էինք երգում, իսկ հիմա թշնամիներ ենք։ Մեր քիրվա ունեինք, գալիս էին՝ ընտանիքով, ուտում-խմում, քեֆ անում, գնում։ Մենք էլ էինք գնում, մենք էլ էինք գնում։ Դե հիմա ո՞վ կարա տենց բան անի»։

Ոչ հին զենքերը կան, ոչ էլ հին ադրբեջանցիները՝ հիմա նրանք վտանգավոր են, նորից տագնապում է․ - «Միշտ ամուսնուս ասում եմ՝ մի բոթուլ սալյարկա ա պետք, բենզին ա պետք ըլի տանը, հանկարծ թուրքը որ գա, թող մեզ չտանի՝ թափի տունը վառի, մունք ա մեջը, որ մեզ թուրքը տանի ոչ»։

Ամուսինը՝ Շուրա Ջումշուդյանը հանձնարարությունն առայժմ չի կատարել, շքեղ ճաշել էր՝ կորկոտով տոլմա, բողկով, օղիով, ու մտել տեղերը․ - «80 տարեկան մարդ եմ, ինձ արդեն վերմակն ա պետքը»։

XS
SM
MD
LG