Մատչելիության հղումներ

Սահմանների «որոշման» գործընթացը բացարձակ հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների հիմքերին և սկզբունքներին․ Արման Թաթոյան


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները», - այսօր իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Կապանից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող ճանապարհին դեռ հունվարի կեսերից տեղադրված ադրբեջանական ցուցանակներին, որոնց վրա անգլերենով ու ադրբեջաներենով գրված է՝ «Բարի գալուստ Ադրբեջան»։

Հատկապես վերջին օրերին Կապանից ու նշված համայնքներից ահազանգեր ստացող պաշտպանն «Ազատությանն» ասաց՝ բնակիչները մտահոգված են իրենց ֆիզիկական անվտանգությամբ։ Նրանք նշել են, որ ադրբեջանցիները գրեթե ամենօրյա կրակոցներով ավելի են մեծացնում լարվածությունն այդ գյուղերում:

«Ադրբեջանի զինվորականները մեր գյուղերի անմիջական հարևանությամբ հայտնվելուց հետո գրեթե ամեն օր արձակում են կրակոցներ փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Ադրբեջանի հետ սահմանների, այսպես կոչված՝ որոշման գործընթացը, որ հիմա տեղի է ունենում, բացարձակ հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների հիմքերին և սկզբունքներին, և իրավունքի գերակայությանը։ Հետևաբար այդ ողջ պրոցեսի արդյունքում որ նրանք հայտնվել են այստեղ՝ զինվորականներ, դրոշներ ու ցուցանակ, դա ինքնին չունի որևէ լեգիտիմություն», - ասաց Թաթոյանը։

Կապանից դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ համայնքները տանող այդ ճանապարհի առանձին հատվածներում տեղադրված ադրբեջանական դրոշները, ըստ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի, սադրանք է Ադրբեջանի կողմից։ Նրա փոխանցմամբ, գյուղացիները մութն ընկնելուց հետո խուսափում են օգտվել այդ ճանապարհից․ - «Գրեթե գիշերով արդեն գյուղացիները ճանապարհով չեն երթևեկում։ Միակ ճանապարհն ա էդ գյուղերը կապող, անհանգստություն կա մարկանց մեջ։ Ադրբեջանցիների տեղակայած վրանները հենց գտնվում են այդ ճանապարհի անմիջապես հարևանությամբ, մի 10-20 մետր հեռավորության վրա։ Հայկական կողմը պետք է ուղիղ կերպով միջամտի էս ամեն ինչին։ Ստացվեց այնպես, որ Կապան – Գորիս ճանապարհահատվածին տեղադրեցին, հետո բերեցին Կապան – Ճակատեն ճանապարհահատվածին տեղադրեցին։ Դրա իմաստը ընդհանրապես անհասկանալի է, որովհետև էդ ճանապարհը Կապան տանող ճանապարհն է, ոչ թե Ադրբեջան տանող ճանապարհն է»։

Պաշտպանի համոզմամբ՝ միջազգային իրավունքի հիմքերը խարխլող գործընթացի արդյունքում են ադրբեջանցիները հայտնվել այդ ճանապարհին, որի առանձին հատվածներում ադրբեջանական դրոշներ են տեղադրված։ Որպես հիմնավորում օմբուդսմենն առվազն 7 կետ է նշել և հենց այդ փաստերի վերաբերյալ հաղորդումները պատրաստվում է ուղարկել ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին ու ԵԽ-ին։

Թաթոյանն ընդգծում է, որ առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին․ - «Ադրբեջանում շարունակվում է կազմակերպված հայատյացության ու թշնամանքի պետական քաղաքականությունը։ Իշխանության բարձրագույն մարմինները, այդ երկրի նախագահի գլխավորությամբ, բացահայտորեն խոսում են հայ ժողովրդի մասին էթնիկ զտումների, ցեղասպանության սպառնալիքների լեզվով։ Մինչև հիմա էլ մեր ռազմագերիների վերադարձը նրանք արհեստական ձգձգում են՝ բացահայտ չարաշահելով իրավական գործընթացները։ Դա նույնպես պատերազմական հանցագործություն է։ Եվ այս պայմաններում Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական դրոշների ու ցուցանակի առկայությունը․․․ Այդ ճանապարհը սկզբունքային նշանակություն ունի, որովհետև դա կապում է Կապան քաղաքը մեր գյուղերի հետ»։

Ավելի վաղ Արման Թաթոյանը, հղում անելով մի քանի քարտեզների, հայտարարել էր, որ դրանցից մեկով Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը, ինչպես նաև Կապանի օդանավակայանի այն հատվածները, որոնցում տեղակայված են ադրբեջանական ուժերը, ամբողջությամբ ներկայացվում են որպես Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:

XS
SM
MD
LG