Մատչելիության հղումներ

«Գլուխս վառվում է». հայկական Դոն Քիշոտն այգուց հասավ բեմ


Դերասան Վարդան Արզումանյանը

Դերասան Վարդան Արզումանյանը մեկ տարի «քրտինք թափելուց» հետո հասավ բեմ։ «Գոյ» թատրոնում, ի վերջո, խաղում է Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» պիեսում իր դերը, ինչի համար դեռ անցած տարի մարտին էր Գերմանիայից վերադարձել Հայաստան։ Բայց կորոնավիրուսը այդ ժամանակ փակել էր թատրոնների դռները, հիմա շանս կա՝ շարունակելու կիսատ թողածը։

«Արթուր Սահակյանի՝ ռեժիսորի ցանկությամբ, որոշեցինք, որ վերնագիրը փոխենք, դնենք «Գլուխս վառվում է»։ Էն ժամանակ էլ Գոգոլի գլուխը վառվում էր, որովհետև ամեն ինչ, էնտեղ վերջին տեսարաններում ինքը շատ լավ է ասում՝ «ահա և երևում են մեր խրճիթները», ստացվում է, որ Գոգոլը, է, 1800 թվականին է գրել, ասենք, 2021 կարծեմ, չէ՞՝ ու նույն բանն է, նույն խրճիթներն են, նույն չինովնիկներն են, ասենք, նույն մարդկային էդ պատվասիրությունն է, որ անպայման փողկապներ, եսիմ, էնտեղ, չգիտեմ, մի քիչ շատ ուտեն», - ասում է դերասանը։

Գերմանական թատրոնից՝ գերանդիով Արմավիր. հայկական Դոն Քիշոտի ոդիսականի մասին դեռ անցած տարի էինք պատմել, երբ վերջինս աշխատանքը կորցնելով՝ գնացել էր Թուրքիայի սահմանին մոտ Արմավիրի Վանանդ գյուղին կից դաշտում մի կիսաքանդ վագոնում տեղավորվել ու մրգատու այգի էր փորում, մշակում։ Խաղողն էլ, սալորն էլ, ծիրանն ու դեղձն էլ քաղեց, հանձնեց, ծիծեռնակի ձագերին էլ կացարանով ապահովեց, արագիլի փետուրն էլ հարազատ դարձած գյուղում թողեց ու իր խոսքին հավատարիմ՝ ջրի պես հոսեց դեպի նպատակը։

«Երբ մարդը նպատակ է ունենում, ինչ ճանապարհներ էլ որ գնա, էդ լաբիրինթների միջով անցնի, մեկ է, նպատակը մեկն է՝ ինչ-որ մի տեղից դուրս գալ։ Սա էլ մի լաբիրինթ, նպատակ, որ հիմք էի դրել, ու տարին ստացվեց էնպես, որ պտտվեցի ու եկա էլի իմ ուզած կետը, ինչպես և նախկինում, հիշո՞ւմ եք, նշեցի, որ ես ջուր եմ և պտտվել եմ և պիտի պտտվեմ դեռ», - նշում է Վարդան Արզումանյանը։

Եվս մի ներկայացում դեռ կխաղա փետրվարի 14-ին, հետո էլ՝ ինչպես ստացվի։ Իսկ նպատակին հասնելու համար Գերմանիայի Ֆրայբուրգի թատրոնից ու Արմավիրի դաշտերից չէ, որ միայն քայլելով եկել է, ավելի հեռու՝ ուսանողությունից։ Ներկայացումը նվիրվում է վաստակավոր դերասան Շահում Ղազարյանին, որին ժամանակին գլուխը հենց այս դերից ազատելու համար ասել էր՝ «չեմ հասկանում՝ ինչի մասին է պիեսը»․ - «Ասեց՝ «է էշ, հասկանայիր»։ Դե հիմա էդ էշը հասկացավ մի օր, գնաց, աշխարհում պտույտներ արեց մի քիչ որոշակի ու ոնց որ եկավ կպավ էս գործին»։

Կորոնավիրուսը, պատերազմը...․ այսքանից հետո դժվար է մարդուն թատրոն բերել ու վեհ բաներից խոսել, բայց, Վարդանի խոսքով, ամեն մարդ իր գործի տերն է ու այս կարճ ժամանակում իր առաջադրանքն է կատարում․ - «Ծառայության ենք դուրս եկել մենք էս կյանքում, եկել ենք ծառայելու»։

Այ երբ ամեն մեկը սկսի զբաղվել իր գործով, ժամանակն այլևս «թարս չի պտտվի»։ Հիշում է մեր նախկին զրույցը՝ երբ հող էր մշակում, գյուղացիների հոգսով ապրում ու մտածում՝ ինչո՞ւ ցիրկուլյացիա չկա, ինչո՞ւ սահմանի ու մայրաքաղաքի միջև կապն այդքան կտրված է։ Որոշել է՝ ինքը փորձի գտնել այդ կապը։

«Էնտեղ դեռ երկար բաներ ունեմ անելու։ Օրինակ՝ գյուղից գալու են էս անգամ ներկայացումը նայելու։ Երբ որ տաքերն ընկնի, գնանք էնտեղ որոշակի համերգներով, նկարիչներով, որևէ մի բան էնտեղ մարդկանց ձմեռային աշխատանքի համար, որովհետև ես էս ձմեռը հասկացա՝ հյուր գնացի իրենց և հասկացա, որ պարապություն է մաքսիմալ, որովհետև ոչինչ չկա անելու։ Սահմանը պետք է պինդ լինի, կեղևը պետք է պինդ լինի, որ ինքը հեշտ չջարդվի։ Իսկ որ սահմանը թույլ է, թեթև մի հատ քամի՝ կջարդվի», - ասում է դերասանը։

XS
SM
MD
LG