Մատչելիության հղումներ

Գերմանական թատրոնից՝ գերանդիով Արմավիր. հայկական Դոն Քիշոտի ոդիսականը


Տեսքը կովբոյի, հոգին՝ Դոն Քիշոտի. դերասան Վարդան Արզումանյանը հերթկան դերի մեջ է։ Բայց ոչ կինո են նկարում, ոչ էլ ներկայացում բեմադրում, ասում է՝ կյանքի նոր դերն է, բայց գլխավոր հերոսը ինքը չի, գերանդին է:

«Ոնց են ասում՝ գերանդի էի քաշում, խոտ էի հնձում: Ստեղ ճիշտն ասած գյուղի տղաներն ասում էին՝ «ինչի՞ ես գերանդիով անում, տրակտոր բերենք, անեն, էդքանը չես կարա», ասում եմ՝ էն ժամանակ մարդիկ հեկտարներով սարերում արել են, մենք ինչի՞ չենք կարա, մենք էլ իրանց հետոն ենք էլի, եթե հետոն էլ թույլ ա լինում, ուրեմն լավ չի եղել ժամանակին», - ասաց Արզումանյանը:

Կամերային երաժշտական թատրոն, հայկական սերիլաներ, հետո որոշեց գնալ Գերմանիա ու դերասանական կարիերան հենց այնտեղ շարունակել։ Ֆրայնբուրգի թատրոնի գետնին պառկած զգաց՝ ստացվեց, անհաղթահարելի բան չկա, մտքերը նյութական են, իրականանալու հատկություն ունեն։ Հաջորդ ցանկությունը՝ Երևան գալ՝ հյուրախաղերով։ Մարտի կեսերին Գոյ թատրոնում ներկայացում պիտի խաղար։ Վարդանից բացի կորոնավիրուսն էլ մարտին Հայաստան ժամանեց։

«Փակվեց ամեն ինչ ու ինչ անեմ, ինչ չանեմ, տենց մի քիչ խփեց՝ այ, մարդ ոնց կլինի սենց, վերջը մի բան պետք ա անե՞լ, թե՞ չէ: Չէի կարում տունը նստեմ», - պատմեց դերասանը:

Արմավիրի Վանանդ գյուղին կից անմարդաբնակ չոլերում, Թուրքիայի սահմանին կպած, որտեղ միայն այգի, հող ու կիսաքանդ վագոն-տնակ է, Վարդանը սկսեց փորել՝ ոչ միայն հողը: «Այսօր լավ միտք եկավ մոտս, ուզում եմ այստեղ բուդկայի հետևի մասը գրեմ՝ «լավ է քրտինք թափել, քան ներվ», այսինքն հիմնականում մարդիկ ներվ են թափում իրենց գործի, աշխատանքի մեջ, քրտինք չեն ուզում թափեն, բայց երբ որ քրտինք ես թափում, ավելի հանգիստ ես դու, էդ ջրերը դուրս ա գալիս միջիցդ ու նորից ջուր ես ուզում խմես, բայց ներվը չի վերականգնվում: Այստեղ հետո աստվածային են արագիլները, մեկ էլ սկսում են պտտվել երկնքով մեկ, աստվածային պահեր են դրանք, որ մարդը պիտի <....>, հենց էդ դեպքերում սենց են անում՝ «հազար գործ կա,», այսինքն կտրվել են, մարդը չի հասցնում երկինք նայի», - ընդգծեց Վարդան Արզումանյանը:

Այգու սեփականատիրոջ հետ պայմանավորվել է՝ տարածքին հետևում, այգին խնամում է, բերքն էլ իրեն է մնում։ Բայց միշտ չէ, որ եկամուտով է դուրս գալիս։ Մեծ հոգ չի, ասում է, կարևորը ընթացքն է. «Սկսվում է արևածագի հետ և ճիշտն ասած գործն ավարտվում է արևամուտի հետ»:

Ընկերներն ասում էին՝ իզուր ես գալիս։ Բայց հիմա շուրջբոլորն է ցույց տալիս ու ասում՝ իզուրը ստացվեց այ այսպես: Հետադարձ տոմսի ամսաթիվը անորոշ է՝ մինչև հասնի սալորը, խաղողը:

«Մնացի, մնացի, հետո գիլասը հասավ, հետո պիտի քաղվեր, հետո տեսա, որ ծիրանները ջուր չկա, հետո պիտի ջրվեր ու տենց մեքենան սկսեց աշխատելը», - պատմեց նա:

Մինչև խոտը հնձեց, բերքը պատատուկներից, տարածքն էլ աղբից ազատեց, արևը մայր մտավ։ Էլեկտրաէներգիա չունի, երևի կգան գյուղի տղաները, երևի մոմ էլ կբերեն, չնայած լամպի լույսն էլ բավական է, որ նստեն իր ձեռքերով վերանորոգած վագոն-տնակում ու կսկսվի փորձի փոխանակումը։

«Ինձ դուր ա գալիս էդ իրական լինելը, հողի հետ շփվելը, էս գյուղացիների հոգսով ապրելը, որովհետև գյուղացին շատ բանից տեղյակ չի, գյուղացիներով չեն զբաղվում կարելի է ասել, ցիրկուլյացիա չկա բացարձակ: Պիտի սահմանին ապրողը շատ լավ ապրի՝ մաքուր, գեղեցիկ, գեղեցիկ տներով, գեղեցիկ կտուրներով, լույսով, ջրով», - ասաց դերասանը:

Արզումանյանն ասում է՝ ժամանակի մեքենան էլ ունի, որ հնարավորություն է տալիս դարերի մեջ խառնվել, բայց անգամ ապրելով բարձր տեխնոլոգիաներից շատ հեռու անմարդաբնական տարածքում՝ 21-րդ դարի ատրիբուտներից՝ հեռախոս, ինտերնետ, չի հրաժարվել։

«Կարողանում եմ նա և սա համատեղել իրար հետ, այսինքն մարդիկ ապրում են հիմա այն երազանքներով, մտքով, որ կգա մի ժամանակ և կքշի ամենավերջին մեքենան ու ինքը տենց էլ չի հասնում վերջին մեքենային, որովհետև երբեք չի լինելու վերջին մեքենա: Իմ մոտ հետ քայլերն են, ժամանակին 24-10-ը կառավարական մեքենա էր, հիմա իմ ընկերը այստեղ, որը այստեղի ջրվարն է, Սահակը՝ Սանչոն, 24-10 ունի, երբ որ գալիս է, իրար հետ տեղ ենք գնում, ասում եմ՝ կառավարական մեքենայով մենք տեղ ենք գնում, էդ պահը ես ապրում եմ, այսինքն կարելի է այդպես օգտվել կյանքից», - պատմեց Արզումանյանը:

Հետո չկա, Գերմանիայի հետ կապը չի կորցնելու. 4 տարի ապրել է, սիրել, սակայն ոտքերը հայկական հողի մեջ են։ Ասում է՝ չեմ բռնվում ոչինչից, ջրի պես հոսում եմ մենաստան, գուցե անգամ քավարան, անուն չկա, վիճակ է, ասում է 36-ամյա Վարդանը. «Ասում է՝ այն ինչ մեզ չի սպանում, մեզ դարձնում է ավելի ուժեղ, ես վիճակների մեջ եմ ընկնում, որովհետև ես ավելի եմ ուժեղանում, ուղղակի ես մենակությունից չեմ վախենում, մենակ մնալուց չեմ վախենում: Մտքերը խոսակցություն են ինքդ քեզ հետ»:

Ու այստեղ դնում ենք բազմակետ, առաջարկում է Վարդան ու ճրագը ձեռքին մտնում մթության մեջ. անհանգիստ է հարևան ծիծեռնակի ձագերը այգուց տուն վերադարձա՞ն. «Էս ամեն ինչն ինձ համար պտույտ է, աշխարհի վրա իմ պտույտն արեցի ու եկա էլի ինչ-որ մի հատ կետի: Եվս մեկ անգամ ես իմ պտույտն անելու եմ: Իմ երազանքները շատ են, մինչև աստղեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG