Մատչելիության հղումներ

«Երկերեսանի, Գյուլենի քարոզչական խոսափող». թուրք պատգամավորներն արձագանքում են ԱՄՆ սենատորներին


Թուրքիայի խորհրդարան, արխիվ
Թուրքիայի խորհրդարան, արխիվ

«Երկերեսանի» սենատորներ, ովքեր դարձել են «ահաբեկիչ Գյուլենի քարոզչական խոսափողը». Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն այս արտահայտությունները հնչեցրել են ամերիկացի սենատորների հասցեին, որոնք անցած օրերին նամակով դիմել էին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենին՝ հորդորելով գործուն քայլեր ձեռնարկել Էրդողանի վարչակազմին զսպելու հարցում։

Ամերիկացի ավելի քան հինգ տասնյակ ազդեցիկ օրենսդիրներ այդ նամակում թվարկել են թուրքական կառավարության վերջին տարիների քաղաքականության աղաղակող դրվագները՝ լրագրողների, այլախոհների դեմ բռնաճնշումներից մինչև այլ երկրներում ռազմական արշավների իրականացում։ Սենատորները հիշատակել են նաև ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դերակատարությունը` պնդելով, որ Անկարան խրախուսել է Բաքվին բռնությունների միջոցով լուծել Հայաստանի հետ տարածքային վեճը։

Դաշնակից Վաշինգտոնից հնչող այս ու այլ մեղադրանքներ Անկարայում անպատասխան չթողեցին։

«Անհիմն և անպատասխանատու մեղադրանքներ», որոնք «հակասում են» Անկարայի և Վաշինգտոնի դաշնակցային հարաբերություններին, հայտարարել են թուրք պատգամավորները:

«Նրանք, ովքեր ահաբեկիչներ են անվանում ԱՄՆ Կոնգրես ներխուժածներին, միևնույն ժամանակ անտեսում Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության անդամների գործողությունները, իրավապաշպան ներկայացնում նրանց, ովքեր 2016 թվականի հուլիսի 15-ին ռմբակոծել են թուրքական խորհրդարանը և սպանել Թուրքիայի խաղաղ քաղաքացիների, հակասում են իրենք իրենց»,- ասվում է թուրքական խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունում։

Դրա հեղինակները ամերիկացի իրենց գործընկերներին անվանում են երկերեսանի։ «Անադոլու» պետական լրատվական գործակալությունն էլ նշում է` այդ հայտարարության տեքստում թուրք պատգամավորները շեշտել են, որ Թուրքիայի բնակչության շրջանում տարածված է այն կարծիքը, թե Միացյալ Նահանգներն է կանգնած 2016-ի հեղաշրջման ետևում։

Վաշինգտոնից առայժմ չեն արձագանքել այս նոր ու ծանր մեղադրանքներին։ Փոխարենը Ջո Բայդենի վարչակազմը իր շուրջ երեքշաբաթյա պաշտոնավարման ընթացքում ՆԱՏՕ-ի կազմում դաշնակից Թուրքիային արդեն հասկացնել է տվել, որ ի տարբերություն Էրդողանի մտերիմ ընկերը համարվող Դոնալդ Թրամփի` իրենք չեն պատրաստվում աչք փակել սկզբունքային հարցերում տարաձայնությունների վրա, ինչպիսիք Նահանգների ռազմավարական մրցակից Ռուսաստանից թանկարժեք սպառազինության ձեռքբերելն է, Սիրիայում Նահանգների աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ Թուրքիայի բանակի գործողությունները, նաև Թուրքիայում մարդու իրավունքների համատարած բռնաճնշումները։

Իսկ այն, որ Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմը ընդգծված հանդուրժողականություն է դրսևորել Անկարայի վարած քաղաքականության նկատմամբ, խոստովանում են նաև Թուրքիայում։ Նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, S-400-ների (C-400) շուրջ Վաշինգտոն-Անկարա վերջին օրերի հեռակա բանավեճին անդրադառնալով, հայտարարել է, թե Թուրքիայի նախագահը միայնակ չէ որոշել Մոսկվայից գնել այդ զենքը։

«Վաշինգտոնում հրաշալի կերպով տեղեկացված են եղել այդ հարցի բոլոր փուլերից։ Անկարայի բոլոր քայլերը եղել են հնարավորինս բաց ու թափանցիկ»,- թուրքական TRT հեռուստաընկերության եթերում հայտարարել է Քալընը։

Հունվարի 20-ին Միացյալ Նահանգների կառավարման ղեկը ստանձնած Բայդենի վարչակազմը, մինչդեռ, մինչ օրս կապ չի հաստատել ռազմավարական դաշնակից Թուրքիայի իշխանությունների հետ։ Թուրքիայի նախագահը, ինչպես նաև արտգործնախարարը սպասում են ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի զանգերին:

Անցած ամիս Էնթոնի Բլինքենը պետքարտուղարի պաշտոնում իր թեկնածության շուրջ Սենատում կազմակերպված լսումների ընթացքում հստակեցրել է նաև Թուրքիայի հարցում նոր վարչակազմի դիրքորոշումը։

«Արդյոք Բայդենի վարչակազմը պարզորոշ կերպով տեսնում է Էրդողանի օրոք Թուրքիան», - Բլինքենին հարցրել էր Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը՝ կարծիք հայտնելով, որ Դոնալդ Թրամփը գուրգուրում էր Էրդողանին, և վերջինս էլ շարունակում էր առաջանալ այդ ջախջախիչ միջոցներով։

«Մենք շատ հստակ ենք տեսնում՝ դաշնակից Թուրքիան բազմաթիվ հարցերում, ինչպես նշեցիք, չի գործում այնպես, ինչպես պետք է գործի։ Սա շատ լուրջ մարտահրավեր է մեզ համար, և մենք շատ հստակ գիտակցում ենք այդ ամենը», - հավաստիացրել է Բլինքենը։

Մեկ այլ հարցի պատասխանելով՝ ընտրյալ նախագահ Բայդենի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Բլինքենը Թուրքիային «այսպես կոչված` ռազմավարական դաշնակից» է անվանել․ «Անընդունելի է, երբ մեր ռազմավարական կամ այսպես կոչված` ռազմավարական դաշնակիցը իրականում գործակցում է մեր գլխավոր ռազմավարական մրցակցի՝ Ռուսաստանի հետ», - ասել է նա։

XS
SM
MD
LG