Մատչելիության հղումներ

Ճանապարհային ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության գործն ուղարկվել է դատարան


Հաշվի առնելով ճանապարհային ոստիկանների կողմից 2020 թվականի օգոստոսի 22-ին երկու քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի շուրջ հանրային հետաքրքրությունը Հատուկ քննչական ծառայությունը մանրամասնում է՝ ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` քրեական գործի նյութերին կցված տեսանյութերի զննությամբ և դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ քաղաքացիների նկատմամբ դիտավորությամբ բռնություն են գործադրել Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երեք տեսուչներ` Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը և Սեյրան Սարգսյանը, ովքեր ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել Արթուր Մեսրոպյանին ու Տիգրան Մեսրոպյանին:

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, ՃՈ տեսուչներ Սարգիս Մնացականյանն ու Սահակ Խաչատրյանը 2020 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են արգելված վայրում կայանված` Արթուր Մեսրոպյանին պատկանող ավտոմեքենան, որից հետո այն տեղափոխվել է «ՃՈ» ծառայության պահպանվող հատուկ տարածք: Նույն օրը՝ ժամը 22:20-ին, Արթուր Մեսրոպյանն իր ազգականի` Տիգրան Մեսրոպյանի հետ այցելել է Երևան քաղաքի Թաիրովի փողոցի 14-րդ հասցեում գտնվող՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակ, որտեղ պարզաբանումներ է պահանջել տեսուչներ Սարգիս Մնացականյանից և Սահակ Խաչատրյանից` ավտոմեքենան հիշյալ տարածք տեղափոխելու պատճառների վերաբերյալ և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ոստիկանների հասցեին:

Սարգիս Մնացականյանը և Սահակ Խաչատրյանը, ինչպես նշված է հաղորդագրությունում, Արթուր Մեսրոպյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն` դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնություն են գործադրել նրա նկատմամբ` ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արթուր Մեսրոպյանի մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմնական վնասվածքներ:

Այդ ընթացքում, ըստ ՀՔԾ-ի, Տիգրան Մեսրոպյանը փորձել է միջամտել, սակայն Սարգիս Մնացականյանը իր մեկ այլ գործընկերոջ՝ ՃՈ տեսուչ Սեյրան Սարգսյանի հետ բռնություն է գործադրել նաև Տիգրան Մեսրոպյանի նկատմամբ՝ ձեռքով ու ոտքով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ճանապարհային ոստիկանության երեք տեսուչներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչի որոշմամբ նրանց պաշտոնավարումը դադարեցվել է:

Ճանապարհային ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին: Վերջինիս կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործն ուղարկվել դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG