Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համատեղ ջանքերով կաջակցեն մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանին, բնակչությանը COVID-19-ի դեմ պատվաստելու հարցում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Եվրամիությունն ու ԱՀԿ-ն մասնավորապես հայտարարել են, որ 40 միլիոն եվրո կհատկացնեն երեք տարվա ընթացքում Արևելյան գործընկերության անդամ երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Ուկրաինային և Մոլդովային, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հասանելիությունն ապահելու համար։
«Սկզբնական փուլում միջոցները կուղղվեն նախապատրաստական աշխատանքներին՝ ինչպիսին են պլանավորումը, սարքավորումներն ու նյութերը, ինչից հետո կմեկնարկեն պատվաստումը և ուսումնասիրությունները», - հայտարարել է ԱՀԿ-ն։
Անցած ամիս Հայաստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ Covax Facility միջազգային նախաձեռնության շրջանակում փետրվարի սկզբին երկիր կներկրվի պատվաստանյութերի խմբաքանակ, որով նախ կպատվաստվեն ռիսկային խմբերում գտնվող քաղաքացիները՝ տարեցները, քրոնիկ հիվանդություն ունեցողները։ Ըստ գերատեսչության՝ Կառավարությունը բանակցություններ է վարում ինչպես «Սպուտնիկ V», այնպես էլ մյուս ՝ Pfizer-BioNTech, Moderna պատվաստանյութերը ձեռք բերելու շուրջ։