Մատչելիության հղումներ

Հարկավոր է արմատապես փոխել տնօրենների հավաստագրման կարգը․ կրթության փորձագետ


Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան

Կրթության նախարար Վահրամ Դումանյանն անկեղծանում է՝ տեղեկանալով Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի ընտրության շուրջ ստեղծված թնջուկի մասին, առաջին ցանկությունը, որ ունեցել է, մրցույթը անվավեր ճանաչելն է եղել, բայց միևնույն ժամանակ ասում է, թե այս հարցով բողոքներն էլ հիմնավոր չեն։

«Չորս-չորս ընտրություն, չորս-չորս ձայներ։ Ճիշտն ասած, առաջին ցանկությունը, որ ինձ մոտ առաջացավ, ասացի՝ այս մրցույթը պետք է ճանաչել չկայացած։ Բայց ինձ ասացին, որ գործող կարգը դա թույլ չի տալիս, և պետք է պարտադիր երկուսից մեկին հրամանագրել», - ասաց նախարարը։

Շաբաթներ շարունակ այս դպրոցի ուսուցիչները, աշակերտները պահանջում են, որպեսզի տնօրենի պաշտոնում վերականգնվի Մետաքսյա Բաբայանը։ Նրանք պնդում են, որ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը իշխող կուսակցության վարչության անդամ, Կոտայքի նախկին մարզպետ, իսկ այժմ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ մտերիմն է, և հավասար միավորներ ստացած թեկնածուների միջև ընտրությունը կատարվել է պաշտոնյայի մտերիմի օգտին։

Նախարարը սակայն ասաց, որ տեղյակ չէ, թե ով ում հետ է մտերիմ, և դա իրեն հետաքրքիր էլ չէ։ «Ազատության» հարցին, թե հովանավորչություն ու կոռուպցիա կա՞ ընտրության գործընթացում և ինչպե՞ս են պայքարում դրա դեմ, նախարարը պատասպանեց․ – «Ո՛չ, չկա՛ հովանավորչություն, ո՛չ, չկա՛ կոռուպցիոն այդ սխեմաները, որը դուք ակնարկում եք»։

Դիտարկմանը, թե «Իմ քայլի» նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը երեկ հայտարարել է, որ կա, Դումանյանն արձագանքեց. – «Ես չեմ կարող աղմկողների անունից խոսել, չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել․․․ Իհարկե հիմնավոր չեն [պնդումները], որովհետև ամեն ինչ արվել է օրենքի համաձայն։ Եթե որոշ մարդիկ համարում են, որ եղել է անօրինականություն, անօրինականության վերականգնման ձևը իրավական ճանապարհն է։ Խնդրեմ, թող գնան իրավական լուծումներ ստանան»։

Արդյո՞ք նախարարը այդ դպրոց գնացել է, հանդիպել է ուսուցիչների, ծնողների հետ, պատասխանը բացասական էր. – «Ոչ, չեմ գնացել։ Տեսչական մարմինն է գնացել, հիմա գործը ընթացքի մեջ է»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, նման դեպքերից խուսափելու, կուսակցական վերահսկողությունից ազատվելու համար նախ տնօրենների ընտրության կարգը պետք է վերանայել․ - «Արմատապես փոխել տնօրենների հավաստագրման կարգը։ Էսօր անգիր անելով, բանով դառնում են տնօրենի թեկնածու։ Երկրորդը, այդ ծրագրերը որ գրում են դպրոցների, շատ հաճախ դրանք արտագրված, գնված ծրագրեր են։ Պրոցեսը դարձնել ավելի թափանցիկ, խորհուրդները ավելի մասնագիտացնել։ Ոչ թե բարեկամացնել (նեպոտիզմին վերջ տանք), այլ այնպիսի մարդկանց տալ, որոնք ավելի չեզոք կարող են լինել, ավելի օբյեկտիվ կարող են որոշել»։

Խաչատրյանը նշում է նաև, որ եթե տնօրենի թեկնածուները հավասար ձայներ են ստացել, ապա կառավարությունը չպետք է որոշի, թե ով լինի տնօրեն․ - «Օրինակ, Աբովյանի թիվ 1 դպրոցը։ Եթե տնօրենը չորս ձայն ա հավաքել, ուրեմն գործողին թողեք։ Ավելի լավ չէ՞, քան դպրոցը ցնցման ենթարկել»։


Թեմային է անդրադարձել նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. սկսել է քննարկման վարույթ դպրոցում տնօրենի ընտրության գործընթացի ու կրթական իրավունքի վրա դրա ազդեցության շուրջ։ Ու մինչ այս հարցը չի լուծվում, դպրոցում ուղիղ մեկ շաբաթ է դասեր չեն անցկացվում։

XS
SM
MD
LG