Մատչելիության հղումներ

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի հարցով Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել ԿԳՄՍՆ-ից և Ոստիկանությունից


Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման վարույթ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում ստեղծված վիճակի առնչությամբ՝ կապված տնօրենի ընտրության գործընթացի ու կրթական իրավունքի վրա դրա ազդեցության հետ:

Հաղորդագրությունում նշվում է, որ 2021 թվականի փետրվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի դիտարկմամբ Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է տեղեկություններ այն մասին, որ դպրոցի ուսուցիչները հայտարարել են գործադուլ, իսկ աշակերտները՝ դասադուլ:

«Դիտարկման արդյունքները վկայում են, որ խոսքը վերաբերում է տնօրենի ոչ իրավաչափ կամ ոչ արդարացի սկզբունքով ընտրվելու մասին պնդումներին: Դրանից բացի, ստացվել է այնպես, որ դպրոցում խաթարված է դասերի բնականոն ընթացքը: Ավելին, դիտարկվել է նաև ոստիկանների ուղեկցությամբ տնօրենի դպրոց գալու դեպքերը: Ուստի, հաշվի առնելով վերը շարադրված տվյալները՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ և պարզաբանումներ են պահանջվել ԿԳՄՍ նախարարությունից և Ոստիկանությունից», - ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ շաբաթներ առաջ այս դպրոցում տնօրենի ընտրություններ էին, գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու այլ դպրոցում աշխատած Քարմիլե Առաքելյանը դպրոցի կառավարման խորհրդի քվեարկությամբ հավաքել էին 4-ական ձայն։ Այդ պարագայում տնօրեն նշանակելու վերջնական որոշումը Կրթության նախարարինն է։ Վերջինս ընտրել է Առաքելյանին։ Բողոքի ակցիաներ իրականացնող մանկավարժները պնդում են, որ կառավարման խորհրդի՝ հենց այս դպրոցը ներկայացնող 4 անդամներն էլ Բաբայանին են ընտրել, Առաքելյանին են ձայն տվել մյուս 4 անդամները, որոնք, ուսուցիչների խոսքով, Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարազատները կամ ծանոթներն են, իսկ Քարմիլե Առաքելյանը, ըստ այդ խոսակցությունների, Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է։

Ռոմանոս Պետրոսյանը, ով նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, օրերս հերքեց Առաքելյանի հետ ընկերական, ազգակցական և բարեկամական կապ ունենալու մասին խոսակցությունները։ Բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապ ունենալու լուրերը հերքեց նաև Քարմիլե Առաքելյանը՝ շեշտելով, որ պատրաստ է անգամ դատարան դիմել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG