Մատչելիության հղումներ

Սենատը սահմանադրական է որակել նախկին նախագահ Թրամփի դատավարությունը


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը Սենատում, Վաշինգթոն, 9 փետրվարի, 2021թ.
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը Սենատում, Վաշինգթոն, 9 փետրվարի, 2021թ.

ԱՄՆ Սենատը 56 կողմ, 44 դեմ քվեների հարաբերակցությամբ երեկ վճռեց, որ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի դատավարությունը համապատասխանում է Սահմանադրությանը և պետք է շարունակվի:

Առաջին քվեարկության ընթացքում վեց հանրապետականներ միացել են դեմոկրատականներին, նրանց թվում է նաև Յութայից ընտրված Միթ Ռումնին, ով 2012 թվականի նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի մրցակիցն էր:

Դա Սենատում դեմոկրատականների առաջին հաջողությունն է իմփիչմենթի գործում, որն ունի բարդ ընթացակարգային փուլեր: Առաջին նվաճումը բնավ չի երաշխավորում վերջնական հաջողություն, քանի որ Ներկայացուցիչների տան կողմից իմփիչմենթի ենթարկված Թրամփին մեղավոր ճանաչելու համար պահանջվում է որակյալ մեծամասնություն՝ առնվազն 67 քվե:

100-տեղանոց Սենատում վերջին ընտրությունների արդյունքում 50-տեղ շահել են հանրապետականները, 48 տեղ՝ դեմոկրատականները, ևս երկու սենատոր անկախ կարգավիճակով դեմոկրատականների ճամբարից են։ Ուստի հավասարություն է՝ 50-50, բայց դեմոկրատականներն ունեն մեծամասնություն, քանի որ հավասար քվեների դեպքում ամերիկյան օրենքներով վճռորոշ 51-րդ քվեն վերապահվում է Սենատի նախագահող, երկրի փոխնախագահին, տվյալ դեպքում Քամալա Հարիսին:

Իրավունքի ասպարեզում ամերիկացի փորձագետների մեծ մասը կարծիք է հայտնել, որ պաշտոնն ազատած նախագահի իմփիչմենթի դատը չի հակասում օրենքին:

Նախկին նախագահ Թրամփը մեղադրվում է «խռովություն» հրահրելու համար: Ըստ մեղադրող կողմի, Թրամփը պատասխանատվություն է կրում հունվարի 6-ի զանգվածային անկարգությունների համար, քանի որ նրա աջակիցներն են հարձակվել Կոնգրեսի համալիրի վրա, ջարդուփշուր են արել գույքը:

Թրամփն է ամբոխին ասել է, թե դեմոկրատները «գողացել են նոյեմբերի 3-ի հաղթանակը» և դրդել է հարձակման, որի ընթացքում սպանվել է հինգ մարդ, այդ թվում մեկ ոստիկան:

Թրամփը հետագայում դատապարտել է հարձակումը, բայց կոնգրեսականները նրան հունվարի 13-ին իմփիչմենթի են ենթարկել: Սա Թրամփի թվով արդեն երկրորդ իմփիչմենթն է՝ ԱՄՆ պատմության ընթացքում աննախադեպ հանգամանք:

Ամերիկյան օրենքներով նախագահին իմփիչմենթի է ենթարկում Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը, իսկ դատավարությունն իրականացնում է մյուս պալատը՝ Սենատը:

Օրենսդիրների վրա մեծ տպավորություն է թողել մեղադրող կողմի համակարգող Ջեմի Ռասքինի ելույթը։ :

«Ռասքինը ներկայացրել է աներևակայելի հզոր փաստակներ, կատարյալ ուղերձ էր, և հիմնավորված, և զգացական, այն իսկապես հասավ մեր սրտերին»,- ասել է Սենատում դեմոկրատների մեծամասնության ղեկավար Չաք Շումերը:

Մերիլենդից ընտրված դեմոկրատական կոնգրեսական Ռասքինը, ով իմփիչմենթի դատավարության ընթացքում համակարգում է մեղադրող կողմի աշխատանքը, իր ելույթում ասել է, որ հունվարի 6-ի հարձակումը սարսափ է առաջացրել ամբողջ երկրում:

«Սենատորներ, սա չի կարող լինել մեր ապագան, Ամերիկայի ապագան։ Մենք չենք կարող ունենալ նախագահ, ով ամբոխին կհրահրի, կմոբիլիզացնի բռնության մեր կառավարության դեմ, Կոնգրեսի դեմ։ Այդ ամբոխը հրաժարվել է ճանաչել վճիռ կայացնելու ժողովրդի իրավունքը, որը երաշխավորված է մեր Սահմանադրությամբ»,- ասել է Ռասկինը:

Թրամփի պաշտպանական թիմը պնդում է, որ նախագահը խռովության կոչ չի արել, իսկ դիմելով աջակիցներին՝ ընդամենը օգտագործել է Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության իրավունքը:

Թրամփի փաստաբան Դեյվիդ Շոնը երեկ հայտարարել է, որ իմփիչմենթի նախաձեռնությունը չափազանց վտանգավոր է Ամերիկայի համար, քանի որ օգտագործվում է սոսկ քաղաքական նպատակներով:

Նրա պնդմամբ, արվում է կուսակցությունը երկրից վեր դասելու փորձ, որից կտուժեն թե՛ կուսակցությունը, թե՛ երկիրը: Խոսքը Դոնալդ Թրամփի կամ որևէ այլ անհատի մասին չէ, խոսքը Սահմանադրության և իմփիչմենթի գործիքը քաղաքական նպատակով չարաշահելու մասին է:

«Այս դատավարությամբ դուք բացելու եք նոր խորը վերքեր ամբողջ երկրում։ Փաստորեն, մի խումբ կուսակցական գործիչներ փորձում են վերացնել Դոնալդ Թրամփին Ամերիկայի քաղաքական ասպարեզից, իրավազուրկ դարձնել ավելի քան 74 միլիոն ամերիկացիների, ովքեր համարձակվում են ունենալ Ամերիկայի իրենց տեսլականը», - ասել Շոնը:

Երեկվա քվեարկությունից հետո մեղադրող և պաշտպանող կողմերին տրվել է ժամանակ քննարկումներ անցկացնելու, փաստարկներն ու հակափաստարկները կազմելու համար: Ենթադրվում է, որ դատարավրությունը կտևի առնվազն մեկ շաբաթ:

Եթե Սենատը հաստատի իմփիչմենթը, ապա քվեարկության կդրվի երկրորդ և գործնական առումով ամենակարևոր առաջարկը՝ արգելել Դոնալ Թրամփին երբևէ զբաղեցնել պետական պաշտոններ և զրկել նրան ապագայում նախագահության թեկնածու առաջադրվելու իրավունքից:

XS
SM
MD
LG