Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են նաև Արցախի խնդիրը


Ելիսեյան պալատի արտաքին հարաբերությունների գծով ավագ խորհրդական Էմանյուել Բոն, արխիվ
Ելիսեյան պալատի արտաքին հարաբերությունների գծով ավագ խորհրդական Էմանյուել Բոն, արխիվ

Ղարաբաղի խնդիրը շարունակում է մնալ Ֆրանսիա - Թուրքիա երկխոսության օրակարգում։ Փետրվարի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում Ելիսեյան պալատի արտաքին հարաբերությունների գծով ավագ խորհրդական Էմանյուել Բոնը ու Թուրքիայի նախագահի օգնական ու մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը քննարկել են նաև Ղարաբաղի խնդիրը։

Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունը վկայում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունների օրակարգում ընդգրկված էր հարցերի լայն շրջանակ՝ նրանք քննարկել են Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության և Ֆրանսիայի հետ, իրավիճակը Միջերկրականի արևելքում, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում։

Վերջին ժամանակաշրջանում Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունները բավականին սրվել էին, երբ իսլամիստների մի շարք հարձակումներից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը որոշեց խստացնել պայքարը իսլամիստ ծայրահեղականության դեմ, նաև օրենսդրական կարգավորումներով սահմանափակել նրանց գաղափարախոսության տարածումն ու քարոզչությունը ենթադրաբար մզկիթների ու մահմեդական կենտրոնների միջոցով։ Մահմեդական մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, դա համարեցին կրոնի ազատությունների սահմանափակում, արշավ մահմեդականության դեմ, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իրեն նույնիսկ թույլ տվեց Ֆրանսիայի նախագահի հասցեին անձնական վիրավորական արտահայտություններ անել։ Տարածաշրջանային հարցերում Ֆրանսիան համաձայն չէ Լիբիայում ու Միջերկրականի արևելքում Թուրքիայի վարած քաղաքականությանը և գործողություններին, իսկ Ղարաբաղի հարցում, հատկապես վերջին պատերազմի ժամանակ, Թուրքիան ու նրա սերտ դաշնակից Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրում էին հայամետ դիրքորոշման համար։

Լուրջ խնդիրների այս ֆոնին վերջերս թուրք-ֆրանսիական հեռավար երկխոսություն է սկսվել, մասնավորապես՝ տարեսկզբին Էմանյուել Մակրոնը նամակ էր հղել Ռեջեփ Էրդողանին։

Քալընի և Բոնի միջև երեկ կայացած հեռախոսազրույցի մասին Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդման համաձայն՝ կարևորվել է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների վերականգնումը։

Փետրվարի սկզբին Իբրահիմ Քալընը Ղարաբաղի խնդիրը քննարկել էր նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Անկարան ձգտում է հարաբերությունները բարելավել նաև Միացյալ Նահանգների հետ, ուր խնդիրներ են առաջացել Թուրքիայի կողմից ռուսական S-400 (C-400) հրթիռային համակարգերը ձեռք բերելու պատճառով, և ԱՄՆ-Թուրքիա երկխոսության օրակարգում ևս Ղարաբաղի խնդիրն ընդգրկված է։ Փետրվարի սկզբին Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո դա անվտանգության հարցերով խորհրդականների առաջին հեռախոսազրույցն էր, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Հաղորդագրություններում միայն հիշատակվում է, որ քննարկվում է նաև Ղարաբաղի խնդիրը, բայց ինչ է ասվում, ինչ խորությամբ է քննարկվում, հայտնի չէ։

Արտաքին քննարկումներից բացի, Թուրքիայի ղեկավարությունն ասես առիթը բաց չի թողնում անդրադառնալու Արցախի խնդրին ու ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Ադրբեջական APA գործակալության Թուրքիայի բյուրոն հայտնում է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ժողովում Ռեջեփ Էրդողանն ասել է, թե Ադրբեջանը իր ուժերով է ազատել տարածքները, Թուրքիան ևս ուժեղ աջակցություն է ցուցաբերել, և «Ղարաբաղը արդեն գտնվում է իր տիրոջ վերահսկողության տակ»։

XS
SM
MD
LG