Մատչելիության հղումներ

Վաղը կմեկնարկի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը


Դոնալդ Թրամփի աջակիցները «Երդում պահողներ» խմբավորումից շարժվում են դեպի Կոնգրես, Վաշինգտոն, 6 հունվարի, 2021թ.

Վաղը ԱՄՆ Սենատում պետք է մեկնարկի նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի դատավարությունը:

Ենթադրվում է, որ Թրամփը կխուսափի մեղավոր ճանաչվելուց, սակայն այս դատավարությունը ևս մեկ հարված կհասցնի նրա քաղաքական վարկին և պատմական ժառանգությանը:

ԱՄՆ օրենքների համաձայն` մեղադրանքը ներկայացնում է Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը, իսկ դատավորների դերում հանդես են գալիս Կոնգրեսի մյուս պալատի՝ Սենատի անդամները:

Թրամփը մեղադրվում է ապստամբություն հրահրելու հոդվածով, որը ներկայացվել է հունվարի 6-ին մայրաքաղաք Վաշինգտոնում Կոնգրեսի համալիրի վրա նրա աջակիցների կազմակերպած գրոհի կապակցությամբ:

Այդ բախումների հետևանքով սպանվել է անկարգությունների չորս մասնակից և շենքը պաշտպանող մեկ ոստիկան, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, կան ձերբակալվածներ:

Թրամփը հետագայում դատապարտել է գրոհը և հավաստիացրել է, որ կապ չունի անկարգությունների հետ:

Այնուամենայնիվ Ներկայացուցիչների տունը նրան իմպիչմենթի է ենթարկել, ընդ որում դա եղել է թվով արդեն երկրորդ իմպիչմենթը Թրամփի չորս տարվա նախագահության ընթացքում:

ABC News հեռուստակայանի և Ipsos հետազոտական ընկերության համատեղ անցկացրած հարցման արդյունքների համաձայն` ամերիկացիների 56 տոկոսը ցանկանում է, որ Թրամփին մեղավոր ճանաչեն և արգելեն մասնակցել ապագայում կայանալիք ընտրություններին:

Այնուամենայնիվ Սենատի 50 դեմոկրատական անդամներին անհրաժեշտ է հանրապետականների կողմից առնվազն ևս 17 քվե անհրաժեշտ մեծամասնություն ապահովելու համար, ինչը վերլուծաբանները հավանական չեն համարում:

Թրամփը պնդել է, թե դեմոկրատականները կեղծել են ընտրությունները և «գողացել են» իր հաղթանակը:

XS
SM
MD
LG