Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարումը դանդաղ է ընթանում


Կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech ընկերությունների պատվաստանյութը:

Դեղագործական ընկերությունները չեն հասցնում կատարել պատվերները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորքում՝ Բրոնքսի թաղամասի հիվանդանոցում COVID-19-ի դեմ է պատվաստվել:

Գուտերեշն իր երախտագիտությունն է հայտնել «Ադլայ Սթիվենսոնի» դպրոցին, որի տարածքում տեղակայվել է Բրոնքսում պատվաստումների կենտրոնը, և բոլորին կոչ է արել հնարավորինս արագ պատվաստվել:

«Ցանկանում եմ ընդգծել պատվաստանյութի կարևորությունը, բոլորին եմ հորդորում օգտնել այդ հնարավորությունից։ Շնորհակալ եմ Նյու Յորքի իշխանություններին ՄԱԿ-ի աշխատակիցներին և դիվանագետներին վակցինացիայի ծրագրում ընդգրկելու համար», - ասել է Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 71 տարեկան է, ուստի, կարող էր օգտվել պատվաստանյութ ստանալու իերավունքից: Նյու Յորքի քաղաքային իշխանության որոշմամբ, 65 և ավելի բարձր տարիքի բնակիչները, կրթօջախների աշխատողները, հանրային տրանսպորտի և պարենային խանութների աշխատակիցները ներառված են զանգվածային պատվաստման առաջին փուլում:

Գուտերեշը նաև ասել է, թե պետք է այնպես անել, որ վակցինան հասանելի դառնա ամենուր և յուրաքանչյուրին: Դա ինքնին հրաշալի գաղափար է, բայց կան բազում խոչընդոտներ, դեղագործական ընկերությունները պարզապես չեն հասցնում այդքան պատվաստանյութ արտադրել:

Կա վակցինա ձեռք բերելու երեք տարբերակ՝ պետությունն այն պատվիրում է արտադրողից, պետությունն այն պատվիրում է տարածաշրջանային կառույցից, օրինակ, Եվրոպական միությունից կամ Աֆրիկյան միությունից, և պետությունն այն պատվիրում է Covax-ի միջոցով:

Covax-ը շահույթ չհետապնդող նախաձեռնություն է, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո վակցինա է տրամադրում աշխարհի մոտ 190 երկրներին:

Covax-ի խողովակով աղքատ կամ թերզարգացած երկրները պատվաստանյութը ստանում են զեղչով կամ ընդհանրապես անվճար:

Միացյալ Նահանգները Pfizer-BioNTech-ից արդեն պատվիրել է 400 միլիոն դեղաչափ և մտադիր է ևս 200 միլիոն պատվիրել մինչև ամառ:

Բացի այդ, Ամերիկայի կառավարությունը 4 այլ ընկերությունների հետ բանակցում է տեսանելի ապագայում մոտ 1 միլիարդ դեղաչափի պայմանագիր կնքելու շուրջ:

Եվրամիությունը նախապատվիրել է 2 միլիարդ 300 միլիոն դեղաչափ, իսկ Covax-ի ծրագրով համաձայնեցվել է 2 միլիարդ դեղաչափի պատվեր:

Նույնիսկ ամենահզոր դեղագործական ընկերությունները չեն հասցնում կատարել պատվերները: Եվրամիությունը սպառնացել է AstraZeneca-ի դեմ հայցով դիմել դատարան, եթե ընկերությունը չտրամադրի պահանջված չափով վակցինա:

Եվրամիությունը զգուշացրել է, որ արգելանք կդնի արտահանման վրա, եթե AstraZeneca-ն նախքան պատվերը 100 տոկոսով կատարելը համարձակվի պատվաստանյութ ուղարկել Եվրամիության սահմաններից դուրս:

Եվրոպական միութունից կազմից դուրս եկած Բրիտանիան էլ AstraZeneca-ից պահանջում իր պատվիրած չափաբաժինը՝ ասելով, թե Լոնդոնը Բրյուսելից երեք ամիս առաջ Է կնքել գործքարքը:

AstraZeneca-ն բրիտանա-շվեդական ընկերություն է, որի կենտրոնն Անգլիայում է, Քեմբրիջում, իսկ արտադրամասերից շատերը՝ Եվրոպայում:

Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում պատվաստումների կենտրոնները հայտնել են, որ մի քանի շաբաթով գուցե ստիպված կլինեն դադարեցնեն աշխատանքը, քանի որ վակցինա չկա:

Նկատելի է նաև հատուկ այդ վակցինայի համար օգտագործվող միանգամյա ներարկիչների դեֆիցիտ:

Աշխարհում զանգվածային պատվաստման այս ծավալի արշավ երբևէ չի եղել, հարուստ երկրները տառացիորեն «սրբում են» դեղագործական ընկերությունների պահեստները՝ ցանկանալով օր առաջ ապահովել իրենց բնակիչներին, աղքատ երկրներին բաժին են հասնում մնացորդները:

Ընդ որում, ի հայտ են գալիս շարքային մարդկանց զայրացնող սկանդալային դրվագներ, որոնք ապացուցում են, որ խոշոր երկրները և դեղագործական ընկերությունները տարատեսակ խորամանկություններով փորձում են իրարից առաջ անցնել:

AstraZeneca -ի մեկ դեղաչափի համար Եվրամիությունը վճարում է 2 դոլար 19 ցենթ, իսկ Հարավային Աֆրիկան՝ 5 դոլար 25 ցենթ, Pfizer-BioNTech-ի վակցինայի մեկ դեղաչափի համար ամերիկացի հարկատուն վճարում է 19 դոլար 50 ցենթ, իսկ եվրոպացին՝ 14 դոլար 70 ցենթ:

Եվ այնուամենայնիվ, փորձագետները հավատացնում են, որ առաջիկա ամիսներին մատակարարումը կհասնի անհրաժեշտ ծավալի, և մարդկությունն, ի վերջո, եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալի չափով կզսպի կորոնավիրուսի համավարակը:

XS
SM
MD
LG