Մատչելիության հղումներ

Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտությունից տուժած շրջաններին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռավար ելույթ է ունենում Դավոսյան համաժողովում, Մոսկվա, 27-ւը հունվարի, 2021թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռավար ելույթ է ունենում Դավոսյան համաժողովում, Մոսկվա, 27-ւը հունվարի, 2021թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռավար ելույթ է ունեցել Դավոսյան շաբաթի քննարկումներում և անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակին։

Պուտինն ասել է․ - «Ինչպես հայտնի է, նոյեմբերին ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունը։ Կարևոր է, որ այն մեծ հաշվով հետևողականորեն իրականացվում է։ Հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, իսկ դա ամենակարևորն է, հասնել կրակի ամբողջովին դադարեցմանը և սկսել կայունության գործընթացը»։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ «հիմա միջագային հանրության խնդիրն է օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին՝ լուծելու փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրները, վերականգնելու ոչնչացված ենթակառուցվածքները, պաշտպանելու և վերանորոգելու պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանները»։

Յուրաքանչյուր տարի հունվարին Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում համաշխարհային տնտեսական համաժողով է անցկացվում։ 2021 թվականը Դավոսյան համաժողովի համար հոբելյանական է՝ 50-ամյակն է, բայց կորոնավիրուսի համավարակը իր պայմաններն է թելադրել, ավանդույթը խախտվել է։ Որոշել է համաժողովի հիմնական մասն անցկացնել մայիսին Սինգապուրում, իսկ հիմա առաջին անգամ օնլայն քննարկումներ են անցկացվում Դավոսյան ֆորումի շրջանակում։

Շարունակելով Արցախում հրադադարի հաստատումից հետո տարածաշրջանային զարգացման հեռնակարների թեման՝ նշենք, որ արդեն հայտարարվել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ հանդիպման օրը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի խոսնակը հայտնել է, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ, հայկական կողմի առաջարկով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կանցկացվի Մոսկվայում 2021 թվականի հունվարի 30-ին։

Տնտեսական ու տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունների հիման վրա։

Աշխատանքային այդ խմբում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ 55-ամյա Մուստաֆաևը նոյեմբերյանցի է՝ ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում, ոսկե մեդալով ավարտել է Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ հայկական դպրոցը, վկայում է նույն դպրոցում սովորած լրագրող Թաթուլ Հակոբյանը։

XS
SM
MD
LG