Մատչելիության հղումներ

Հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնը «տարածաշրջանում կապահովի կայուն խաղաղությունը»


Արցախում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնը Աղդամի շրջանում, 30-ը հունվարի, 2021թ․

Անկարան հույս ունի, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տարածաշրջանում կապահովի կայուն խաղաղությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին տեսակոնֆերանս է անցկացրել Աղդամի շրջանում երեք օր առաջ գործունեությունը սկսած ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի անձնակազմի հետ և որոշ հանձնարարություններ տվել, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Հուսով ենք, որ համատեղ կենտրոնի շնորհիվ հրադադարի ռեժիմը կկրի տևական բնույթ, տարածաշրջանում կապահովվի կայունություն և խաղաղություն», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Աղդամի շրջանում հունվարի 30-ին հանդիսավորությամբ բացված ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի նպատակը, ինչպես նշվում է, Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելն է։ Այդ կենտրոնի գործունեությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փաստացի առաջին ռազմական ներկայությունն ապահովեց Հարավային Կովկասում։
Կառույցը գտնվում է շփման գծից 8 կիլոմետր, Ստեփանակերտից մոտ 40 կիլոմետր, Ասկերանից 26 կիլոմետր հեռավորության վրա։ Դրա տեղակայման վայր է ընտրվել Մարզիլի գյուղը, որտեղ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ սպանվել է Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը։

Ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարները, նույն օրը Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հետ։

Համատեղ այդ կենտրոնում առաջին անգամ միասին կաշխատեն թուրք և ռուս զինվորականները՝ յուրաքանչյուր երկրից 60 հոգի՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերը սպասարկող անձնակազմը։ Ըստ Անկարայի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ կենտրոնը հավաքագրելու է հրադադարի պահպանման մասին տեղեկատվությունը և ուսումնասիրելու է համապատասխան բողոքները։ Հրադադարի դիտարկումն իրականացվելու է հիմնականում տեխնիկական միջոցների, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը կառուցվել է երեք ամսվա ընթացքում, տարածքում կա ինչպես մզկիթ, այնպես էլ եկեղեցի, համատեղ կենտրոնի անվտանգությունը կապահովեն ադրբեջանցի զինվորականները։ Կենտրոնն ապահովված է Մոսկվայի և Անկարայի հետ շուրջօրյա կապով։

Դիտորդական առաքելության իրականացման շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները համաձայնության են եկել 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիան, որը պատերազմում բացահայտ աջակցում էր Ադրբեջանին, հայկական կողմի, ինչպես նաև Ֆրանսիայի, Ռուսաստանի իշխանությունների, միջազգային լրատվամիջոցների պնդմամբ՝ սիրիացի վարձկաններ ուղարկում Ադրբեջան՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար, հրադադարի շուրջ պայմանավորվածություններից հետո հայտարարեց, թե Ռուսաստանի հետ իր տեղը կունենա Ղարաբաղում խաղաղապահների շարքում։

Միջազգային լրատվական աղբյուրների տվյալներով՝ ի սկզբանե Թուրքիան պնդում էր հակամարտության գոտում անկախ թուրքական ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման տարբերակը։ Շաբաթներ տևած բանակցությունների արդյունքում հայտարարվեց, որ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել համատեղ կենտրոնի շուրջ, որը կտեղակայվի ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ՝ Ադրբեջանում։

Պաշտոնական Երևանը մինչ օրս չի արձագանքել դաշնակից Մոսկվայի և իր հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Անկարայի համատեղ այդ նախաձեռնությանը։

Հայկական կողմը անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ողջ ընթացքում շարունակաբար դատապարտում էր Թուրքիայի մասնակցությունը պատերազմին և ահազանգում այդ երկրի կողմից Հայաստանը բնաջնջելու հավակնությունների մասին։

XS
SM
MD
LG