Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 100 միլիոնը


ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենը միջազգային համայնքին կոչ է անում համերաշխության սկզբունքով գործել վակցինայի բաշխման հարցում:

Այսօր արձանագրվել է որքան տպավորիչ, նույնքան էլ մտահոգիչ իրողություն՝ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 100 միլիոնի շեմը: Դա Երկիր մոլորակի բնակիչների 1.03 տոկոսն է:

Վիրուսը մուտացիաների է ենթարկվում, դրա «բրիտանական» տարբերակը որոշ մասնագետներ համարում են ավելի վարակիչ ու մահաբեր: Համավարակը շարունակում է կյանքեր խլել, արդեն մահացել է ավելի քան 2 միլիոն հիվանդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ դեռ մեկ տարի առաջ է ահազանգել վտանգի մասին:

«Հունվարի 23-ին լրացավ մեկ տարին այն օրվանից, երբ նոր կորոնավիրուսի հայտնվելու կապակցությամբ ես ԱՀԿ կառավարիչների խորհրդում հռչակեցի հանրային առողջության միջազգային նշանակության արտակարգ դրություն: Այն ժամանակ դեպքերի թիվը 100-ի չէր հասնում, եթե կոնկրետ ասեմ՝ 98 դեպք էր, և ոչ մի մահ Չինաստանի սահմաններից դուրս: Այս շաբաթ արդեն խոսում ենք 100 միլիոն դեպքի և ավելի քան 2 միլիոն մահի մասին»,- ասել է Գեբրեյեսուսը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը մեկ տարի առաջ նշել է, որ դեռ կա համավարակը զսպելու ժամանակ, Գեբրեյեսուսի ձևակերպմամբ՝ «հնարավորության պատուհանն աշխարհի համար դեռ բաց է»:

Այն ժամանակ պետք էր խիստ կարանտինով արձագանքել վիրուսին, «ոմանք լսեցին, ոմանք անտեսեցին»:

«Հիմա վակցինան բացում է համավարակը զսպելու հնարավորության երկրորդ պատուհանը, մենք չունենք այս հնարավորությունը մսխելու իրավունք: Մինչ մենք այս հարցն ենք քննարկում՝ հարուստ երկրները յուրացնում են վակցինան, իսկ աղքատ, թերի զարգացած երկրները նայում ու սպասում են, յուրաքանչյուր օր խորացնում է անդունդը, որը բաժանում է պատվաստանյութ ունեցող և չունեցող երկրները»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:

Աշխարհում կորոնավիրուսից առավել տուժած պետություններն են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան:

Այդ երկրների միացյալ բնակչությունը կազմում է մոլորակի բնակչության մեկ քառորդից ավելին, բայց կորոնավիրուսով ախտահարվածների թվով դրանք բոլոր վարակվածների կեսից ավելին են:

Միայն ԱՄՆ-ում ավելի քան 25 միլիոն մարդ է վարակվել, դա բոլոր վարակվածների մեկ քառորդն է, մինչդեռ, ԱՄՆ-ում ապրում է Երկիր մոլորակի բնակչության ընդամենը 4 տոկոսը:

Ամերիկան առաջին տեղում է վիրուսի զոհերի թվով՝ 420 հազար մարդ է մահացել: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ մոտ 220 հազար մարդ է մահացել: Երրորդ և չորրորդ տեղերում են Հնդկաստանը՝ 154 հազար զոհ, և Մեքսիկան՝ 152 հազար զոհ:

Եվրոպան աշխարհի առավել տուժած շրջաններից է: Միջինը 4 օրում 1 միլիոն նոր ախտահարում է գրանցվում: Համաշխարհային ճգնաժամի բռնկումից ի վեր Եվրոպայում վարակվել է մոտ 30 միլիոն մարդ, մահացել է 680 հազար հիվանդ:

Աշխարհի լիդերները համոզված են, որ պատվաստանյութն է դառնալու լույսը թունելի վերջում, սակայն դրա մատակարարումը դանդաղում է, իսկ բաշխումը չի իրականացվում արդար եղանակով:

Դիմելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերհաժողովի պատգամավորներին՝ դա է ընդգծել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը:

«Կոպիտ ասած՝ մեծ թվով երկրներ գնում են պահանջվածից շատ վակցինա: Չափազանց կարևոր է, որ ԱՀԿ COVAX նախաձեռնությունն արագ ստանա լրացուցիչ դեղաչափերն, այլ ոչ թե դրանց մնացուկները: Կառավարությունները, վակցինան արտադրողները, համաշխարհային հանրությունը պետք է հավասարություն ապահովեն, դրանից կյանքեր են կախված, իմ ուղերձն է բոլոր երկրներին՝ գործեք համերաշխության սկզբունքով, միայն այդպես մենք կկարողանանք այս համավարակի վերջը տալ», - ասել է Գեբրեյեսուսը:

XS
SM
MD
LG