Մատչելիության հղումներ

Տրիպոլիում ցուցարարների և ուժայինների բախումներում շուրջ 200 մարդ է տուժել


Լիբանան - Բախումները Տրիպոլիում, 27-ը հունվարի, 2021թ.
Լիբանան - Բախումները Տրիպոլիում, 27-ը հունվարի, 2021թ.

Ավելի քան 200 մարդ է տուժել Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում, որոնք հաջորդել են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ակցիային։

Իշխանությունները ցույցը ցրելու համար գործի են դրել բանակը։ Ըստ երկրի պաշտոնական աղբյուրների՝ ցուցարարները ոստիկանների և զինվորների ուղղությամբ նռնակ ու «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել։ Ակցիայի մասնակիցների դեմ կիրառվել են արցունաքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։

Լիբանանի ամենաաղքատ քաղաքներից համարվող Տրիպոլիում բողոքի ակցիաները շարունակվում են շաբաթասկզբից, ցուցարարները պահանջում են բարելավել իրենց կյանքի պայմանները, չեղարկել պարետային ժամը և մյուս հակահամաճարակային կոշտ սահմանափակումները։ Մեկուսացումը, ցուցարարների պնդմամբ, զրկել է իրենց տնտեսական ծանր ճգնաժամին դիմակայելու հնարավորությունից։ Երկրում գրեթե կաթվածահար է բանկային համակարգը, ընկնում է բնակչության գնողունակությունը և սրվում է քրեածին իրավիճակը։

Ցույցեր են տեղի ունենում նաև Լիբանանի այլ քաղաքներում։

Լիբանանյան իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են սահմանել անցած տարվա դեկտեմբերին՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում։ Փակվել են բոլոր մասնավոր և պետական ձեռնարկությունները։

Շուրջ 2 միլիոն սիրիացի և պաղեստինցի փախստականներ ունեցող Լիբանանում տնտեսական իրավիճակը ծայրաստիճան ծանր էր արդեն մինչև կորոնավիրուսի համաճարակի բռնկումը։

XS
SM
MD
LG