Մատչելիության հղումներ

«Հայկական բանակը մեր համազգային հպարտության աղբյուրն է», ասել է Փաշինյանը


«Հայկական բանակը մեր համազգային հպարտության աղբյուրն է», - Բանակի օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ - «Խոնարհում մեր բոլոր հերոսների վառ հիշատակին»:

Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առավոտյան այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց նահատակների հիշատակին։

Այսօր միտքն ու գործը պետք է ծառայեցնել բանակի հզորացմանը

Բանակի օրն այս տարի առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշվում է երկրի ու ազգի համար արտակարգ պայմաններում՝ հետպատերազմական բարդ իրավիճակ, բազմաբնույթ ճգնաժամ, ծանրագույն կորուստներ, ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ուղերձում։

Նախագահը ևս մեկ անգամ գլուխ է խոնարհել Հայրենիքի պաշտպանության և ազատության համար զոհված բոլոր նահատակների միշտ կենդանի հիշատակի առաջ, ապաքինում է մաղթել վիրավոր հերոսներին։ Արմեն Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել բոլոր այն ընտանիքներին, որոնք զօր ու գիշեր սպասում են գերության կամ անհայտության մեջ գտնվող իրենց զավակներին ու հարազատներին:

Այսօր, առավել քան երբևէ, միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ և առաջ բանակի հզորացմանը, լինենք բանակի կողքին, ասել է Արմեն Սարգսյանը:

Նախագահի համոզմամբ, անհրաժեշտ են ծրագրային ու հայեցակարգային մոտեցումներ, արմատական քայլեր՝ վերակազմավորումից մինչև վերազինում, հաշվի առնելով ժամանակակից ռազմարվեստի ու տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև աշխարհաքաղաքական միտումները:

«Սակայն անգամ ամենաժամանակակից զենքը չի կարող հանգեցնել ցանկալի արդյունքի, եթե խիզախություն չունենանք ընդունել կատարված սխալներն ու պատրաստ լինել հիմնարար փոփոխությունների, եթե չվերականգնենք սպայի պատիվը, հարգանքը զինվորական ծառայության հանդեպ, եթե չունենանք ծրագիր և այն իրականացնելու կամք, եթե արտաքին թշնամուն թողած՝ չդադարենք թշնամի փնտրել միմյանց մեջ, եթե համերաշխ ու համախմբված չլինենք որպես պետություն և հասարակություն, որպես մեկ ազգ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում», - ասել է նախագահը՝ շարունակելով․ - «Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ։ Մեր բանակը, ինչպես մեր պետությունն ու ողջ ազգը, անցնում է փորձությունների միջով: Բայց մենք մեկ անգամ չէ, որ փորձությունը կարողացել ենք վերածել հաղթանակի: Եվ դա՝ առաջին հերթին շնորհիվ մեր բանակի: Կեցցե՛ Հայո՛ց բանակը: Փա՛ռք մեր հերոսներին»:

Նշենք, որ Հայաստանից բացակայող նախագահ Արմեն Սարգսյանի անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Ոչինչ չպիտի խնայել բանակի վերակառուցման համար

Ուղերձով է հանդես եկել նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով՝ 29 տարի առաջ նորանկախ պետության համար ծանրագույն շրջանում հիմք դրվեց հայկական կանոնավոր զինված ուժերին, ինչը դարձավ պետականության ողնաշարը:

«Այսօր, երբ մեր պետությունը ապրում է մեր պատմության բարդագույն փուլերից մեկը, բանաձևը կրկին նույնն է՝ ունենալ մարտունակ Հայկական զինված ուժեր և շտկել մեր մեջքը», - ասել է Ազգային ժողովի խոսնակն՝ ընդգծելով՝ վստահաբար ոչինչ չպիտի խնայել բանակի վերակառուցման, զինված ուժերի մարտունակության բարձրացման և սպառազինության արդիականացման համար, ինչը պիտի թույլ տա երաշխավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգությունը:

Միևնույն ժամանակ Միրզոյանը վստահեցրել է, որ զինված ուժերի ներկայացուցիչների, հաշմանդամություն ստացած զինծառայողների և հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, և որևէ ջանք չի խնայվելու դրանք օր առաջ լուծելու համար:

«Հարգարժան գեներալներ, սպաներ և զինվորներ, մենք ունենալու ենք մարտունակ բանակ, որովհետեւ ձեր արիությունն ու նվիրումը հայրենիքին որևէ մեկը որևէ հանգամանքներում չի կարող խլել ձեզնից: Շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ», - ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

«Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում»

Այսօր վաղ առավոտյան Բանակի օրվա կապակցությամբ ուղերձ է հրապարակել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։

«Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում։ Ստեղծված նոր մարտահրավերներին ընդառաջ, հավատում ենք, աշխարհասփյուռ ազգս հայոց առ Աստված ապավինությամբ և մեր անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, վերականգնի բարօր ու շեն կյանքը Արցախում և Հայաստանում՝ նաև ի պանծացումն հանուն հայրենյաց զոհված մեր զավակների խնկելի հիշատակի», - մասնավորապես ասված է Վեհափառի ուղերձում։

Բանակի օրվա կապակցությամբ ուղերձներ են հղել նաև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, այլ պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ։

XS
SM
MD
LG