Մատչելիության հղումներ

2021-ը Հայոց բանակի մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու, վստահեցնում է Օնիկ Գասպարյանը


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյան

Բանակն ընկճվելու իրավունք չունի. զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող է խո­նարհել միայն զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առ­ջև, Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ իր ուղերձում ասել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։

«Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ», - իր ուղերձում ասել է Գասպարյանն՝ ընդգծելով՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտա­հրա­վերը և 44 օր հերոսաբար դիմակայելով` կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և պատ­ճա­ռելով նրան մեծաթիվ կորուստներ:

Այս անհավասար պայքարում հայկական զինուժը, ցավոք, նույնպես կրեց անդառ­նա­լի կորուստներ, նշել է Գասպարյանը՝ շարունակելով՝ «բայց հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռա­կա­նությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը: Մարտի դաշտում մեր զինակից ընկերները հրաշքներ էին գոր­ծում` իրենց անունները ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում: Հայոց բանակի զին­վորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին»։

Նշելով, որ այսօր հաճախ քննադատության են արժանանում, ՀՀ ԶՈւ ԳԾ պետն ընդգծել է՝ բայց չպե΄տք է վհատվել․ - «Հաս­կա­նում ենք, որ մեզանից սպասում էին առավելը... Մեր հայրենակիցներն ան­սահ­ման հավա­տով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատաս­խա­նատվու­թյամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնա­ցինք տրված երդմանն ու կա­տա­րեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը։ Շնորհակա΄լ եմ Ձեզ ազգի պատիվը բարձր պահելու և անօրինակ սխրանքների համար»:

Այժմ` առավել քան երբևէ, բանակը վստահության և համակողմանի աջակցու­թյան կարիք ունի, նշել է Գասպարյանը՝ վստահություն հայտնելով, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու:

«Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տար­բեր ուժե­րի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վի­րավո­րող­ներին հավաս­տիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնա­­մուն իր բազկի ուժը: Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայ­կական օջախներն ավերելու նենգ մտադրությունից: Բանա΄կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնա­մու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու», - ասել է ՀՀ ԶՈւ ԳԾ պետը՝ շարունակելով․ - «Այս սուրբ օրը շնորհավորե΄նք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ և խոս­տանա΄նք մեր զոհված ընկերներին, որ շարունակելու ենք նրանց անավարտ գործը, ջանք չենք խնայելու և ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնելու ենք բանակն ու ան­զիջում պայքար ենք մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար: Համոզված եմ, որ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է ունենալու` հավատարիմ մնալով հայ զինվորական լավագույն ավանդույթներին:

Շնորհավո΄ր տոնդ, Հայոց բանակ:

Հավերժ փա˜ռք հայրենիքի համար նահատակված մեր ընկերներին»:

XS
SM
MD
LG