Մատչելիության հղումներ

Վեհափառն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը պատարագի ժամանակ, արխիվ

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ուղերձում։

«Դարերի ընթացքին մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին։ Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները, որոնց թվում ազգային փոքրամասնությունների խրոխտ զավակներ, նույն խիզախ ոգով հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի, և շատեր իրենց կյանքը նվիրեցին՝ ի սեր հայրենյաց և ազգի», - գրում է Վեհափառն իր ուղերձում։

«Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում։ Ստեղծված նոր մարտահրավերներին ընդառաջ, հավատում ենք, աշխարհասփյուռ ազգս հայոց առ Աստված ապավինությամբ և մեր անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, վերականգնի բարօր ու շեն կյանքը Արցախում և Հայաստանում՝ նաև ի պանծացումն հանուն հայրենյաց զոհված մեր զավակների խնկելի հիշատակի», - ասված է Բանակի օրվա առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Բանակի օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին, հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Հայոց բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG