Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին


Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան, արխիվ
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Փաստաբանները միջնորդել էին նաև Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով, որը ևս մերժվեց։ Պաշտպան Երեմ Սարգսյանը մի քանի օր առաջ ասել էր, թե Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, սակայն մեղադրանքում նշված գումարի չափով պատրաստ են վճարում կատարել, իսկ դա մի քանի միլիարդ դրամ է։

Երեմ Սարգսյանն ընդգծում է՝ Խաչատրյանն ունի բժշկական օգնության կարիք, ինչը չի տրամադրվում. - «Հույս ունեմ, որ դատարանը պետք է, որ անդրադարձ կատարի և արձանագրի, որ այդ խախտումները տեղի են ունենում։ Բայց այս պահին ես շատ հրատապ պետք է շարունակեմ աշխատանքն առողջական մասով, որպեսզի կարողանանք բժշկական օգնության ապահովումը հասանելի դարձնել Գագիկ Խաչատրյանին, որովհետև ինչ-որ կախարդական բան է տեղի ունենում բոլոր պետական մարմինների մոտ, բոլորը միահամուռ ձևով անտեսում են, չեն տեսնում այս ամեն ինչը, չնայած որ իրենց մոտ բոլոր բժշկական փաստաթղթերն առկա են: Ավելին ասեմ՝ բոլոր հնարավոր միջոցներով փորձում են նաև դատարանների մոտ տպավորություն ստեղծել, թե իբր Գագիկ Խաչատրյանն ինքը չի ցանկանում բուժվել, պատկերացնո՞ւմ եք չէ: Խնդրում ենք դիմումներով, պահանջում ենք, որ տեղափոխեն բժշկական օգնության, մեկ էլ դատարան դիմում է ներկայացվում, որ իբր թե Գագիկ Խաչատրյանին առաջարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվել ստացիոնար բուժման, և նա հրաժարվել է: Տեղեկատվությունը, պնդում եմ, որ չի համապատասխանում իրականությանը: Կառավարության թիվ 825-Ն որոշմամբ հստակ սահմանված է, որ գրավոր կարգով պետք է անձը հրաժարվի բուժօգնությունից, նման որևէ դիմում երբևէ չի գրվել Գագիկ Խաչատրյանի կողմից, բայց դատարան տրամադրում են ինչ-որ փաստաթուղթ, որտեղ նշված է, թե իբր Գագիկ Խաչատրյանը հրաժարվել է բժշկական օգնությունից: Այս կեղծիքները, այս ստերը չգիտեմ՝ ինչի համար են կատարվում, այս ինչ կախարդական մոտեցում է բոլորի մոտ, հետո էլ ասում են՝ անձերով գործեր չեն քննվում, անձերի հետ կապված չի, սա բացառապես քրեական գործ է», - հայտարարեց պաշտպանը:

Այս խնդրով փաստաբանն արդեն դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. - «Եթե մի քիչ ավելի խորը վերլուծեմ, նույնիսկ կարող եմ առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշել և այս պահին դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի արձանագրի այս խախտումներն իրավասու պետական մարմինների կողմից: Չնայած որ իր հիվանդությունն այնպիսին է, որ վիրահատության ենթարկվելու համար պիտի ազատ արձակվի, բայց այս պահին հրատապ խնդիր է դրված, որ անձը, կալանքի տակ գտնվելով հանդերձ, բժշկական օգնություն ստանա բժշկական հաստատությունում, որի համար եթե դուք հիշեք, վերջերս կառավարությունը նախաձեռնություններ էր անում, Արդարադատության նախարարությունում արդեն նախաձեռնություններ էին անում, որ պետք է միջոցներ ձեռնարկեն կալանավորների բժշկական օգնությունն ավելի հասանելի դարձնեն քաղաքացիական հիվանդանոցների համար: Հիմա փոփոխություն է տեղի ունեցել կառավարության որոշման մեջ, բայց այդ փոփոխությունն էլ այսօր չեն կատարում: Ինչո՞ւ, անձերո՞վ է պայմանավորված, այսինքն՝ եթե կոնկրետ անձ է քննվում, այս անձի հետ կարելի է այս որոշումը կիրառել, մյուսների մասով՝ չէ՞, այս ի՞նչ մոտեցում է»:

Նախկին ազդեցիկ պաշտոնյան վերջին դատական նիստերին չի ներկայանում, փաստաբանների փոխանցմամբ, առողջական խնդիրների պատճառով։ Նա մոտ կես տարի է՝ կալանավորված է։ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Մեկ այլ դրվագով էլ խախտումներ են հայտնաբերվել պետական գերատեսչության գույքի իրացման գործընթացում:

Հարցին, թե այս ընթացքում Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ առերես հարցաքննություններ եղե՞լ են, փաստաբանը դրական արձագանքեց, սակայն թե ում հետ, չնշեց, միայն ասաց՝ աշխատակիցների հետ՝ ոչ:


XS
SM
MD
LG