Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, հանդիպման օրակարգում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանն առնչվող հարցեր:

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Արա Այվազյանն ընդգծել է կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում շեշտելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը:

Արտգործնախարարը, ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության կյանքի կոչման ընթացքը, առանձնահատուկ ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք և անխափան հասցեագրման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի մասով:

ԱԳ նախարարը և դեսպանները մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և արցախահայության կարիքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այս առնչությամբ առանձնահատուկ կարևորվել է միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ և դրա մասնագիտացված գործակալությունների՝ տեղում անխափան ներգրավվածությունը:

Նախարար Այվազյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապության վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության ոչնչացման կամ ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

XS
SM
MD
LG