Մատչելիության հղումներ

Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ


Սահմանադրական դատարանը (ՍԴ) եռօրյա քննարկումներից հետո այդպես էլ նոր նախագահ չընտրեց:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքել բարձր դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու համար, լրագրողներին տեղեկացրեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Վերջինս, սակայն, չմանրամասնեց, թե ինչպիսին է եղել ձայների հարաբերակցությունը:

Մամուլն արդեն գրում է, որ Խունդկարյանը ստացել է երկու կողմ, երեք դեմ ձայներ, ստացվում է, որ ևս երեք դատավոր քվեարկությանը չի մասնակցել:

«Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել», - նշեց Շաթիրյանը:

ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը վերահաստատեց իր որոշումը, որ քվեարկությանը չի մասնակցելու, իսկ թե ովքեր են մյուս երկու դատվորները, ովքեր չեն մասնակցել, այս պահին դեռ հայտնի չէ:

Այսօր ավելի վաղ Հրայր Թովմասյանն ասել էր, որ տեղեկություններ ունի՝ քաղաքական շրջանակներում սցենար է փոխվել և չէր բացառել, որ Խունդկարյանը կարող էր չընտրվել ՍԴ նախագահ:

«Իմ ունեցած չճշտված տեղեկություններով, երեկվա իմ հայտարարությունից հետո որոշակի այլ սցենարներ իրենց համար քննարկվել են, բայց որ սցենարով էլ գնան միևնույն է», - նշեց Թովմասյանը:

«Երբ որ ես հասկանամ՝ զրո ազդեցություն է, որևէ պայմանավորվածություն չկա, Սահմանադրական դատարանն ինքնուրույն է այդ ամբողջն անում, այդ դեպքում, բնականաբար, կշարունակեմ մասնակցել», - ընդգծեց Հրայր Թովմասյանը:

Ենթադրելի է, որ քվեարկությանը չմասնակցած երեք դատավորներից մեկը կարող է լինել Վահե Գրիգորյանը, ով այսօր ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե իր կարծիքով բարձր դատարանը նոր թեկնածուի կարիք ունի:

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության համար գործընթացը սկսվեց նորից: Ոչ շուտ քան 10 օր, ոչ ուշ քան 30 օրվա ընթացքում պետք է կազմակերպվեն ՍԴ նախագահի նոր ընտրություններ:

Ինչ վերաբերում է փոխնախագահի ընտրությանը, օրակարգային այս հարցին անդրադառնալ չեն հասցրել, երկուշաբթի ժամը 11-ին կքննարկվի նաև այդ հարցը:

XS
SM
MD
LG