Մատչելիության հղումներ

«Ավելի հրատապ հարցեր կան». թեկնածուները հրաժարվում են այս փուլում մասնակցել Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությանը


Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան

Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր պաշտոնի համար պայքարող թեկնածուները հրաժարվում են այս փուլում մասնակցել ընտրություններին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը թեկնածուների հիմնավորումը նամակով փոխանցել է Ազգային ժողովի ղեկավարությանը՝ առաջարկելով այսօր նախատեսված ընտրությունը հետաձգել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանից՝ ճի՞շտ է, որ թեկնածուները պարզապես չեն ցանկանում այս խորհրդարանի կողմից ընտրվել․ - «Մամուլում տեղեկություններ կան, որ դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտվելուն մասնակցել։ Կխնդրեի պարզաբանել և ԲԴԽ-ից պարզաբանում պահանջել՝ նման բան կա թե ոչ»։

Խորհրդարանի ղեկավարը ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանեց՝ հատվածներ ընթերցելով նամակից։ Թեկնածուները նախ նշել են, որ ԱԺ նիստի վերաբերյալ պատշաճ չեն տեղեկացվել։ Բացի այդ, փոխանցել են, որ խորհրդարանի դահլիճում պետք է խոսեն դատական համակարգի խնդիրների մասին, սակայն կառուցողական քննարկումը հետպատերազմական հրատապ լուծում պահանջող խնդիրների փուլում անիրատեսական են համարում․ - «Այս պատճառով ԲԴԽ նախագահը իր և թեկնածուների անունից խնդրում է հարցը հետաձգել։ Սա է ամբողջը։ Մենք, բնականաբար, ընդառաջում ենք այս խնդրանքին և հարցը կհետաձգենք»։

Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում առաջադրվել է չորս թեկնածու՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը, Վճռաբել դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը։ Ընտրության հետաձգումը քաղաքական նկատառումներով պայմանավորելը անհիմն է, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Նրա խոսքով, Հայաստանում մթնոլորտը շիկացած է, և թե՛ դատավորները, թե՛ Ազգային ժողովը ավելի կարևոր անելիքներ ունեն․ - «Մեր ասածի մեջ ո՛չ քաղաքականություն կա, ո՛չ ինտրիգ կա։ Գտել ենք, որ էս պահը հարմար պահ չի, որ մենք գնանք կանգնենք և ասենք, որ դատավորների թոշակները ցածր են, անհրաժեշտ ա, որ դատավորների թոշակները բարձրանա, մեզ անհրաժեշտ ա, որպեսզի սոցիալական երաշխիքները բարձրանան, մեզ անհրաժեշտ ա կրկնապատկել դատավորների թիվը․․․ երբ որ պետական բյուջեն մեր այսօր ուղղակի ճաքում ա ծախսերից և պրոբլեմներից»։

Մոտ երեք շաբաթ առաջ Վարդազարյանը կոչով դիմել էր դատավորներին Նիկոլ Փաշինյանի հեղինակային ձևակերմամբ, թե՝ «այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Հարցին, թե գուցե Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հենց այս հայտարարությունն է պատճառը, որ դատավորների քայլերը քաղաքականացվում են և ընկալվում պայքար գործող իշխանության դեմ, Վարդազարյանը պատասխանեց․ - «Միանշանակ ոչ։ Ինձ համար ուղղակի զարմանալի ա, ո՞նց կարելի էր այդ տեքստը, որը որ իր բովանդակությամբ, իր տրամաբանության մեջ նշանակում է բացարձակ հակառակը, անվանել քաղաքական հայտարարություն»։

Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր է սեպտեմբերից, Երվանդ Խունդկարյանի Սահմանադրական դատարան տեղափոխվելուց հետո։ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ երբ թեկնածուները նպատակահարմար համարեն, կդիմեն Ազգային ժողով՝ ընտրության հարցը նիստի օրակարգում ընդգրկելու համար։

XS
SM
MD
LG