Մատչելիության հղումներ

Արցախում նոր կառավարության ձևավորումն ավարտվել է 


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, արխիվ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, արխիվ

Արցախի նախագահը ավարտել է հետպատերազմյան նոր կառավարության ձևավորումը՝ փաստացի կրճատելով գործադիրի կազմը, և երեկ նշանակելով նոր արտգործնախարար՝ իր խորհրդական Դավիթ Բաբայանին, այսօր Ստեփանակերտից հեռախոսով «Ազատությանը» փոխանցեց Արցախի ղեկավարի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Այլևս նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով այս տարի Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկու փուլերի արդյունքում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը, և 2017 թվականի սեպտեմբերից զբաղեցրած արտգործնախարարի աթոռին էր մնացել Արայիկ Հարությունյանի որոշմամբ, Արցախի նախագահի հրամանագրով երեկ նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա այլ հրամանագրով պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է ֆինանսների նախարար։ Արցախում վարչապետի պաշտոն գոյություն չունի, այն փաստացի իրականացնում է պետական նախարարը, և նախագահ Հարությունյանի այս դեկտեմբերի 18-ի հրամանագրով պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ֆինանսների նախարարը։

«Հիմնականում կարող ենք արձանագրել, որ նոր կառավարության կազմի նշանակումներն արդեն ավարտված են և արդեն պետք է ձեռնամուխ լինել հիմնական աշխատանքների կատարմանը, որպեսզի հնարավորինս արագ Արցախում փորձենք կյանքը բնականոն հունի մեջ մտցնել, ինչը շատ կարևոր է», - ասաց Պողոսյանը:

Ի դեպ, այսօր Ստեփանակերտում հանդիպել են Հայաստանի ու Արցախի նորանշանակ արտգործնախարարները՝ ստորագրելով երկու գերատեսչությունների 2021 թվականի խորհրդակցությունների պլանը:

Պատերազմի ավարտից շաբաթներ անց՝ դեկտեմբերի 1-ին նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու նպատակով։ Արդեն հաջորդ օրը Վիտալի Բալասանյանը, ով անցած տարի Արցախում կայացած նախագահական ու խորհրդարանական ընտրություններում Հարությունյանի մրցակիցն էր, նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար։ Նույնը օրը Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար նշանակվեց Մանե Թանդիլյանը՝ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը։

Անցած մեկ ամսվա ընթացքում նախագահ Հարությունյանը գրեթե ամբողջությամբ փոխեց կառավարության կազմը՝ նշանակելով հինգ նոր՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, էկոնոմիկայի և գյուղատնտեսության, առողջապահության, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների։ Ընդ որում, տարածքային կառավարման ղեկավարումը հանձնվեց տարիներով Արայիկ Հարությունյանին կոռուպցիայի մեջ մեղադրող ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանին։

Այդ ընթացքում Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար։ Պաշտոնանկ արվեցին Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանն ու ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը՝ նշանակելով հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցիչներ։

Դեկտեմբերի 16-ին նախագահ Հարությունյանը հանդես եկավ նոր ուղերձով, թե առաջին իսկ հնարավորության պահին վայր է դնելու նախագահական լիազորություններն, ու ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ինքը չի առաջադրվի և դուրս կգա քաղաքականությունից, երբ «Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները»։

Նույն ուղերձում Հարությունյանը խոստացավ, որ Արցախի պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ։

Դեկտեմբերի վերջին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ Վիտալի Բալասանյանը հայտարարեց, թե հետայսու Արցախում բարձրաստիճան նշանակումները պետք է ստանան Անվտանգության խորհրդի հավանությունը։

«Անվտանգության խորհրդի առաջին նիստերում նորից քննարկելու ենք, բոլոր կադրերը քննարկելու ենք, ընդհուպ նշանակվածների հարցը, եթե գտնենք, որ չեն համապատասխանում, լինելու է տեղաշարժ», - նշել է Բալասանյանը:

Վահրամ Պողոսյանին հարցրեցինք՝ նոր կառավարության նշանակումները նախագահը համաձայնեցրե՞լ է Անվտանգության խորհրդում։ «Քանի որ նոր կառուցվածք է արդեն ձևավորվել, Անվտանգության խորհրդի կազմը պետք է նորից ձևավորվի, այսինքն այդ իմաստով որպես էդպիսին Անվտանգության խորհրդի կազմը թարմացման և վերաձևավորման անհրաժեշտություն է առաջացել, հետևաբար նման քննարկումներ չեն իրականացվել», - պատասխանեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, Արցախում նոր կառավարության ձևավորումը ցույց տվեց, որ այդ թվում՝ հայաստանյան նախկին իշխանությունների հրահրած գործընթացը՝ պատերազմից հետո նախագահ Արայիկ Հարությունյանին զրկել փաստացի իշխանությունից, ձախողվել է։

«Նախագահ Արայիկ Հարությունյանի դիրքերը քիչ այլ բալանսի հիման վրա, բայց այնուամենայնիվ, շարունակում է մնալ հարաբերականորեն ամուր: Վիտալի Բալասանյանը և նրան սատարող շրջանակների ջանքերն Արայիկ Հարությունյանին ամբողջությամբ զրկել իշխանությունից, դե ֆակտո իշխանությունից, ինչպես տեսնում ենք, չեն ստացվում», - ասաց քաղաքագետը:

XS
SM
MD
LG