Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը դեռ հրաժարական չի տա


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանին, Ստեփանակերտ, 2-ը դեկտեմբերի, 2020թ.

Արցախի նախագահը դեռևս հրաժարական չի ներկայացնի, «Ազատությանը» փոխանցեց նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը և հավելեց՝ նախագահի և Անվտանգության խորհրդի քարտուղարի միջև հակասություններ չկան։

«Որևէ հակասություն չկա: Բոլոր ջանքերը ներդրվում են, որպեսզի այս ծանրագույն իրավիճակը կարողանանք օր առաջ հաղթահարել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Պողոսյանը՝ շարունակելով. - «Չէ, մենք էդ թեմային արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք, իրենք էլ են անդրադարձել: Նախ՝ Սահմանադրությամբ մինչև մայիսի 21-ը նախագահը չի կարող հրաժարական ներկայացնել»:

Պատերազմից հետո Արցախի նախագահի հրամանագրով Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Վիտալի Բալասանյանի հետ առնչություն ունեցող «Արդարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը օրերս հանդես եկավ Արցախի նախագահի հրաժարականի պահանջով։ Կուսակցությունը, որի նախագահի թեկնածուն 2020 թվականին Վիտալի Բալասանյանն էր, Հայաստանի և Արցախի ղեկավարներին է մեղադրում 44 օր ձգված պատերազմում պարտության համար և հայտարարում՝ ինչպես Հայաստանում են պահանջում վարչապետի հրաժարականը, այնպես էլ Արցախում կա նույն հրամայականը։

Մինչդեռ Արցախի նախագահի խոսնակը հիշեցնում է Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 16-ի հայտնի տեսաուղերձը, երբ նախագահը խոսեց նաև իր հնարավոր հրաժարականի մասին։ Իր ուղերձի ամբողջական տեքստում Հարությունյանը գրել էր. - «Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս, և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»։ «Գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները, հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները: Պետք չէ մոռանալ նաև սահմանադրական կարգավորումների մասին, որոնք այնպես են կառուցված, որ այս փուլում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են առաջացնել սահմանադրական ճգնաժամ՝ խորացնելով ընդհանուր պետական ճգնաժամը», - հայտարարել էր Արցախի նախագահը:

Խոսնակն ասում է՝ եթե նախագահը հիմա հրաժարական տա, ընտրությունները կազմակերպելը որոշակի դժվարություններով կուղեկցվի. - «Գիտեք՝ մենք տարածքներ եք կորցրել՝ Հադրութի շրջան, Շուշի քաղաքը, Ասկերանի շրջանից համայնքներ, Քաշաթաղի, Քարվաճառի շրջանները, և, բնականաբար, էդ բոլոր տեղահանված մարդիկ պետք է ընտրական պրոցեսների մեջ ներգրավված լինեն, որպեսզի ընտրությունները լեգիտիմ լինեն: Մի որոշ շրջան, ժամանակաշրջան է մեզ պետք այդ ամեն ինչը կազմակերպելու համար, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ընտրություններին մասնակցել, որպեսզի ընտրատեղամասերը սահմաններում արդեն ձևավորվեն, նոր արդեն կկազմակերպվի ընտրություններ, և Արցախում կձևավորվի նոր իշխանություն»:

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Վիտալի Բալասանյանը համաձայն է իրենց հետ։ «Որ ասեմ՝ էդպես 24 ժամ նստած մենք քննարկում ենք յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ստորակետ... Մեր մոտ կա փոխադարձ մեծ վստահություն ինչ առումով՝ որովհետև հավաքված են մարդիկ, որոնք երբեք իրենց գաղափարը չեն դավաճանի», - նշեց պատգամավորը:

Հակոբյանի հավաստմամբ՝ անկուսակցական Բալասանյանը չի համագործակցում իշխանության հետ. - «Էլի եմ կրկնում՝ էսօր անվտանգության երաշխավոր լինել, ես իմ կարծիքն եմ ասում պարոն Բալասանյանի գործունեության վերաբերյալ, էդ չի նշանակում համագործակցել ներկայիս իշխանության հետ: Միգուցե դժվար է պատկերացնել, որովհետև Հայաստանում բոլորը իշխանության մեջ, նաև Արցախում է միշտ էդպես եղել, բոլորը պարտադիր եղել են նույն կուսակցությունից, նույն ուղղությամբ գնացող, և դրանից էլ մենք ունեցել ենք այն բոլոր խնդիրները, որի համար հիմա մենք պատասխան ենք տալիս: Այսինքն՝ չեն կարողացել իրար հակառակվել որևէ մեկը»:

«Արդարություն» խմբակցության հայտարարությունից մեկ օր առաջ այս կուսակցությունը ՀՅ Դաշնակցության հետ համատեղ հանդես էր եկել ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար Արցախի նախագահին քննադատող հայտարարությամբ։ Դրանում շեշտել էին, որ Արցախի խորհրդարանի 5 խմբակցություններից 4-ը պահանջել էին Հարությունյանի հրաժարականը, բայց խորհրդարանական ուժերն ընդունել են ազգային միասնության կառավարություն ստեղծելու Հարությունյանի առաջարկը՝ նախագահի փաստացի լիազորությունները սահմանափակելու և ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախապայմանով: Կուսակցությունները պնդել են, որ նախագահը խախտել է այս պայմանավորվածությունը՝ սկսելով միանձնյա ձևավորել նոր կառավարություն՝ դրանով իսկ խաթարելով երկիրը ճգնաժամից միասին դուրս բերելու բացառիկ հնարավորությունը:

Ի պատասխան հարցի, թե Արայիկ Հարությունյանի ո՞ր նշանակումից են դժգոհ, Մետաքսե Հակոբյանն առաջինը հիշատակեց նորանշանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին, «որը աբսուրդ էր, որը շատ ոչ նորմալ երևույթ էր, այնուհետև հայտարարեց, որ քանի որ Արցախում չկան կադրեր, ինքը ստիպված Հայաստանից է բերում այդ կադրերը»:

Արցախի խորհրդարանի պաշտոնական կայքէջի համաձայն՝ մեկ տարի առաջ ակտիվ քաղաքականություն մուտք գործած ու պատգամավոր ընտրված Մետաքսե Հակոբյանը ծնվել է Երևանում, կրթություն ստացել կրկին Երևանում։ «Ազատության» դիտարկմանը՝ միգուցե պրոֆեսիոնալիզմի համար է Թանդիլյանը նշանակվել նախարարի պաշտոնում, արձագանքեց. - «Ինչո՞ւ, Արցախում պրոֆեսիոնալներ չկային, դա մենակ Մանե Թանդիլյանն էր, որին Նիկոլը պիտի ուղարկեր, որ փրկե՞ր էստեղ: Շատ սխալ կարծիք կա Արցախի մասին: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք էստեղից ուղարկել էդտեղ նախարար աշխատելու և փրկելու Հայաստանը»:

Հակոբյանն ասաց, որ դժգոհ են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոններում ծնունդով իջևանցի Հայկ Խանումյանի և Լուսինե Ղարախանյանի նշանակումից։

Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ի իր տեսաուղերձում ասել էր, որ նոր կադրերի ընտրության հարցում հնարավորինս առաջնորդվելու է նրանց մարդկային ու մասնագիտական արժանիքներով և հանրային հեղինակությամբ։ Ավելին՝ հայտնել էր նաև, որ Արցախի պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող իր բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ։

Քաղաքական մեկնաբանների գնահատմամբ՝ Արցախի նախագահը այս կերպ փաստացի իշխանությունը հանձնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։

Արցախի ղեկավարի խոսնակը պնդում է՝ Արայիկ Հարությունյանը համագործակցության ճանապարհով է գնում, ինչի արդյունքն է նախագահական ընտրություններում իր երբեմնի մրցակից Վիտալի Բալասանյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելը։

XS
SM
MD
LG