Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը խորհրդակցություններ է սկսել՝ ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու նպատակով


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու նպատակով, տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղի ղեկավարի ֆեյսբուքյան այսօրվա գրառումից։

«Մեր Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ եմ սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման և ժողովրդի բարօրության»,- նշել է Հարությունյանը։

Հիշեցնելով, որ այս մայիսին կայացած իր երդմնակալության ժամանակ է խոսել համերաշխության և համագործակցության անհրաժեշտության մասին, և հատկապես հիմա՝ «այս ճգնաժամային ու վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, ով պատրաստ և ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր Հայրենիքի վերակառուցման որմին»՝ Արայիկ Հարությունյանը գրել է. - «Հորդորում եմ բոլոր-բոլորին՝ համախմբվել և միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլ նաև բռնել ճամփան երկարատև զարգացման ու զորացման, որը միակ ճանապարհն է արևի տակ մեր ու գալիք սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու համար»:

Նախագահ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության՝ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ղեկավար Արթուր Հարությունյանը այսօր «Ազատությանը» Ստեփանակերտից հեռախոսով փոխանցեց, որ Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու համար ծրագրում են բանակցել այս տարվա խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական բոլոր 12 ուժերի հետ․ - «Առաջարկը արվելու է բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որոնք պատրաստ են էսօր միավորվելու և այս ծանր վիճակից և՛ սոցիալական, և՛ մնացած ուղղություններով դուրս գալու համար»։

Հարցին, թե ովքեր են արձագանքել, Հարությունյանը պատասխանեց․ - «էս պահին չեմ կարա ասեմ, որովհետև գործընթացը էսօր ա սկսել։ Համենայն դեպս, խորհրդարանական բոլոր ուժերը արձագանքել են, արտախորհրդարանականի մասով չեմ կարա ասեմ․․․ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստակամ են լինելու այս ժամանակահատվածում մասնակցել երկրի կառավարմանը, բոլորին։ Կապ չունի՝ ընդդիմություն թե դիմություն»։

Հարցին, թե ճիշտ է արդյոք տեղեկությունը, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն առաջարկվելու է Վիտալի Բալասանյանին, Հարությունյանն արձագաքնեց․ - «Դա քննարկումների արդյունքում կձևավորվի։ Այս պահին որպեսզի ժամանակից առաջ չանցնենք, քննարկումների արդյունքում տարբեր քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են լինելու միանալու, էդ ժամանակ արդեն պատասխանատվության չափերն էլ ա բաժանվելու՝ ով ինչքան ա պատասխանատու, ինչ ոլորտում և այլն»։

Նա, այդուհանդերձ, չբացառեց Վիտալի Բալասանյանի նշանակումը ԱԱԽ քարտուղարի պաշտոնում․ - «Չի բացառվում նաև այլ մարդկանց տարբերակները։ Բոլոր հնարավոր տարբերակները քննարկումների արդյունքում են ձևավորվելու։ Այսինքն՝ էն քաղաքական ուժերը, որոնք որ պատրաստ են լինելու միանալու, էդ ժամանակ արդեն Ձեր ասած էդ պաշտոնները, կոնկրետ Անվտանգության խորհուրդ կլինի, թե Կառավարության կազմում կլինեն, այլ պաշտոններում, դա արդեն գործընթացների արդյունքում կձևավորվի»։

Հարությունյանն ասաց, որ եղել է խոսակցություն Հայաստանի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանի վերաբերյալ, ով պատրաստակամություն էր հայտնել աշխատել Արցախի կառավարությունում՝ նշելով․ - «Ես էլ եմ տեղյակ այդ խոսակցությանը, բայց էս պահին կոնկրետ որոշում չկա»։

44-օրյա պատերազմից հետո Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և «Արցախի հերոս» կոչումից հրաժարված Սամվել Բաբայանի գլխավորած քաղաքական ուժը՝ «Միասնական հայրենիք»-ը մեծությամբ երկրորդն է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում։ Կուսակցության մամուլի քարտուղար Անուշ Դոլուխանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ խորհրդակցություն անցկացնելու պաշտոնական որևէ առաջարկ դեռ չեն ստացել։

Թե ինչ են մտածում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական մյուս երեք՝ Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին սատարող «Արդարություն» խմբակցությունում, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում, «Ազատությանը» այսօր չհաջողվեց պարզել։

XS
SM
MD
LG