Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներն ավելի քան 5 ժամ շրջափակած պահեցին կառավարության շենքը. ակցիաները կշարունակվեն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն ավելի քան 5 ժամ շրջափակած պահեցին կառավարության շենքը։ Երկիրը կործանման եզրին է, պնդում է Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը. «Եթե կառավարության ամբողջ կազմը գտնվում է շրջափակման մեջ, ի՞նչ եք կարծում, այսինքն` մի գրամ արժանապատվություն ունեցող կառավարությունը, վարչապետը, որն իր երկրի տարածքում շրջապատված է ոստիկաններով, որն իր երկրի տարածքում շարժ չի կարողանում իրականացնել, այս մարդն ի վիճակի՞ է մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծելու, էս մարդն ի վիճակի՞ է մեր երկրի համար որևէ բարիք բերելու, չարիքից բացի: Ես կրկին կոչ եմ անում` այս կառավարության գործունեությունը մեզ վերջնականապես բերելու է նաև ազգային աղետի, հայրենիքի մի մասը կորցնելուց բացի, նաև բերելու է սոցիալ-տնտեսական աղետի, և մենք կորցնելու ենք մեր պետականությունը»:

Թեև ընդդիմադիրները հայտարարել էին, որ առավոտյան արգելելու են վարչապետի մուտքը կառավարության շենք, այդուհանդերձ ցույցին զուգահեռ ընթանում էր գործադիրի նիստը։ Ոստիկանությունը կառավարության շենքի 4 կողմում մեծ թվով ուժեր էր կենտրոնացրել՝ մի քանի շարք պատնեշ կազմելով։

«Դե մենք արդեն ոստիկանական պետությունում ենք ապրում, որը ձգտում է դեպի դիկտատուրա», - ասում է ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ում խոսքով՝ բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանը մնա, ասաց՝ անհնազանդության ակցիաները շարունակելու են. «Չի կարելի այդպիսի մարդուն թողնել իշխանություն, ցանկացած, փողոցից մեկին վերցրեք, դրեք էնտեղ, 10 անգամ Հայաստանի համար ավելի լավ կլինի:

Եթե մենք ուզում ենք գնալ քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն` չքանդենք պետությունը, ապա այստեղ ժողովուրդը պետք է մասնակցի: Եթե հարյուր հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ, բայց այդ հարյուր հազարավոր մարդիկ կան չէ՞, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են, մեկը մեկին չի վստահում, մեկը` մյուսին: Հետո գիտե՞ք ինչ, մեր ժողովուրդն էլ է մեղք, դեպրեսիայի մեջ է, 2.5 տարի առաջ ոտքի բարձրացավ` մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է արդեն դուրս գա»:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար ընդդիմադիրները չորս տարբերակ են նշել. առաջինը, որ վարչապետն ինքը հայտնի իր հրաժարականի մասին, երկրորդը, որ Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկի Փաշինյանի պաշտոնանկության հարցը, 3-րդը՝ Դատախազությունը պետական դավաճաանության մեղադրանքով ձերբակալի Փաշինյանին, և չորրորդ՝ կառավարության անդամների պահանջով գումարվի Ազգային ժողովի նիստ, և դրվի վարչապետի հեռացման հարցը: Իշխանականները, արձագանքելով ընդդիմությանը, ասում են, որ պատրաստ են նրանց հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, բայց ոչ Փաշինյանի հրաժարականը։ Նաև չեն բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը։

Այսօր կառավարության առջև էր նաև արդարադատության նախկին նախարար, հանրապետական Դավիթ Հարությունյանը, խոսեց այս օրերին մեծ քննարկումների տեղիք տված սահմանների ճշգրտումից. «Յուրաքանչյուրն իրեն պետք է մեկ հարց տա` ինչո՞վ է պայմանավորված ոչ միայն սահմանների այս շուտափույթ վերաձևումը, այդ ինչո՞վ է պայմանավորված, որ հենց մեր սահմանի վրա Ադրբեջանն սկսել է կառուցել խոշոր ռազմաբազաներ և տեղակայել հարձակվողական զենքեր: Այո, ես հասկանում եմ, որ շատերի հույսն այն է, որ Ռուսաստանն այսօր թույլ չի տա Հայաստանի տարածք ներխուժել, չնայած փաստացի դա տեղի է ունենում, բայց Ադրբեջանն այսօր պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու մեր երեխաները և թոռները, և դա չնկատել անթույլատրելի է»:

Ընդդիմադիրների ակցիային է անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանը՝ ուշադրություն հրավիրելով ելույթներից մեկի վրա, որտեղ ցուցարարներից մեկը խոսում էր զենքով հարցեր լուծելու ու զինված հեղաշրջման մասին։ Արման Թաթոյանը նկատում է՝ թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր հրապարակային խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է, և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանրահավաքին բռնությամբ իշխանությունը զավթելու կոչ արած անձը ձերբակալվել է։ Երեկ էլ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել էին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը։

Ոստիկանությունից հայտնում են, որ կառավարության շենքի մոտից այսօր բերման է ենթարկվել 77 ցուցարար։ Ընդդիմադիրների նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG