Մատչելիության հղումներ

Ըստ իշխանական պատգամավորի, եթե ընդդիմադիրները դիմեն անօրինականության, պատասխանը կլինի շատ կոշտ


Քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողություններն ընդունելի են օրինականության շրջանակներում, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։

Իշխանական պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե նշմարվի դույզն-ինչ անօրինականություն, ապա պատասխանը կլինի շատ կոշտ։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Հրապարակում նստացույց, հանրահավաք անող ընդդիմությունը ձեր խմբակցությանն՝ «Իմ քայլին» ժամանակ էր տվել ձևավորել, քննարկել ճգնաժամից դուրս գալու ուղիներ, ինչո՞ւ չեք արձագանքել։

Սոս Ավետիսյան․ - Դա ընդհանրապես չի էլ քննարկվել, որովհետև խմբակցությունն ունի յուր օրակարգը, ճանապարհային քարտեզ է հրապարակվել, և նաև վարչապետը խորհրդարանում՝ հարցուպատասխանի ժամանակ, նշել է, որ ժողովրդի կամարտահայտման համար պետք է քննարկումներ ունենանք և դրա համար, կան պայմաններ։ Այսինքն՝ առաջարկ արվել է, և եթե կկամենան, կարող են գալ և քննարկել դիցուք արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետը, մեթոդը։ Այսինքն՝ սա արված առաջարկ է, և եթե կուզեն, կարող են գալ, քննարկել իրենց դելեգացիաներով և ոչ թե ինչ-որ կերպ սպառնալ։

«Ազատություն»․ - Այսինքն պատրա՞ստ եք հանդիպման։

Սոս Ավետիսյան․ - Կան պայմաններ, պայմաններից մեկը բռնության բացառումն է և խոսքի բացառումը, երկրորդը, որ պետք է համաձայն լինեք, որ ժողովուրդը պետք է ընտրի իր ճանապարհը և ոչ թե վարչապետը հեռանա, որովհետև այն սցենարը, որ իրենք առաջարկում են, դա տեղի է ունենում ի՞նչ՝ «Իմ քայլը» խմբակցության միջոցով, կամ գոնե մի մասի միջոցով, պետք է ընտրվի վարչապետի իրենց թեկնածուն, և դա, ըստ իրենց, կայունացնելու է վիճակը։ Գոնե իրենց արգումենտներից մեկն է։ Դա չի կայունացնելու վիճակը, ավելին՝ կարող է էլ ավելի ապակայունացնել իրավիճակը, որովհետև նախ՝ վարչապետի աջակցությունը, չնայած այս ցավալի և տրագիկ պահերին, միևնույն է բարձր է։

«Ազատություն»․ - Որտեղի՞ց գիտեք։

Սոս Ավետիսյան․ - Ես ինչո՞վ եմ դրանում համոզված, որովհետև հանրության աջակցությունը վարչապետին գոնե այն առումով, որ հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել, հասկանանք պատերազմի հետևանքները, հասկանանք, թե ինչպե՞ս ենք դուրս գալիս այս օրհասական վիճակից, կա։ Դա նաև ես իմ ընտրողներից եմ շատ անգամ լսել, նաև լսել եմ, որ պետք է ամուր կանգնել վարչապետի կողքին։

«Ազատություն»․ - Ի՞նչ կլինի ձեզ հետ, եթե այնուամենայնիվ արտահերթ նիստ չհրավիրեք և չընտրեք նոր վարչապետ։ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ հրապարակելու են ձեր անունները, մարդիկ ազատ են իրենց գործողություններում՝ ձեզ ճնշելու։

Սոս Ավետիսյան․ - Հատուկ Իշխան Սաղաթելյանի համար՝ մեր անունները հրապարակված են Ազգային ժողովի կայքում, այսինքն՝ մեզ փնտրելու կարիք չկա, այնտեղ կան մեր բոլոր տվյալները, կան սոցիալական մեդիաներ, կապի այլ միջոցներ, և Հայաստանը փոքր երկիր է, ինչ-որ մեկի համարը գտնելը, զանգելը դժվարություն չի ներկայացնում։ Բոլոր այդ գործողությունները՝ քաղաքացիական անհնազանդության օրինականության շրջանակներում, իհարկե, ընդունելի են, բայց, եթե այդ բացության մեջ նշմարվի դույզն-ինչ անօրինականություն, ապա պատասխանը կլինի շատ կոշտ։

«Ազատություն»․ - Օրինակ, եթե Ձեր տան ճանապարհը փակեն, դա օրինակա՞ն է, թե՞՝ ոչ։

Սոս Ավետիսյան․ - Ես այդ ժամանակ կխնդրեմ որպեսզի ոստիկանությունն ազատի ճանապարհը, որպեսզի ես կարողանամ գնալ աշխատանքի։

«Ազատություն»․ - Բա երկու տարի առաջ դուք ինչո՞ւ էիք ասում՝ «գնացեք, փակեք պատգամավորների դռները»։

Սոս Ավետիսյան․ - Չունենալով որևէ ռեալ ծրագիր կրկնօրինակում են բոլոր մեր գործիքակազմերը։ Բայց հավաստիացնում եմ Ձեզ, թե՛ ժողովրդական ցասման, թե՛ բողոքի տեսանկյունից, թե՛ արդարության պահանջից սրանք շատ տարբեր պրոցեսներ են։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG