Մատչելիության հղումներ

Սուրեն Պապիկյանը Լոռու համայնքապետերին հորդորեց չշրջանցել իրենց լիազորությունները


Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վանաձորում Լոռու մարզի համայնքապետերին հորդորեց չշրջանցել իրենց լիազորություններն ու օգնել ամուր պահելու պետության ողնաշարը։ «Հարգում եմ բոլոր ինքնուրույն ինստիտուտների գործունեությունը, բայց դա չի նշանակում, որ որևէ ինստիտուտ կարող է դուրս գալ իր լիազորությունների շրջանակներից», - ասաց նախարարը։

Շեշտեց` իր պաշտոնավարման ավելի քան երկու տարիներին երբևէ որևէ համայնքապետի հետ նրա հետագա պաշտոնավարման մասին զրույց չի ունեցել. «Որովհետև գտել եմ, որ նախարարը պիտի իրեն իրավունք չվերապահի ընտրված ղեկավարին ասի, որ քո պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, ես դա չեմ արել, որովհետև հարգել եմ ձեր ինստիտուտը, ու դուք, հարգելիներս, որևէ պետական մարմնի, որևէ ինստիտուտի, բացի ձեր քաղաքացիական կարծիքը, որևէ մեկն իրավունք չունի համայնքի կամ ինստիտուտի անունից և պահանջելու որևէ այլ ինստիտուտի լիազորությունների կամ պարտականությունների հետագա կատարումը կամ չկատարումը»:

Նախարարը հրաժարվեց պատասխանել «Ազատության հարցերին», թե ո՞ւմ էր հատկապես հասցեագրված իր հորդորը, և արդյոք դա զգուշացո՞ւմ էր համայնքապետերին` չմիանալու Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Ասաց՝ առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով։

Պատերազմից հետո Լոռու մի քանի համայնքներում, մասնավորապես Սպիտակում և Թումանյանում ղեկավարներն իրենց և աշխատակազմի, Սպիտակի դեպքում նաև ավագանու որոշ անդամների անունից հանդես էին եկել հայտարարությամբ, թե միանում են վարչապետի հրաժարականի պահանջին։ Սա դժգոհություն էր առաջացրել այդ համայնքներում, թե ընտրված ղեկավարը բնակիչների մեծամասնության կարծիքին հակասող հայտարարություն է արել։

Այսօրվա հանդիպումից հետո Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, որ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում էր իր ու ավագանու անդամների անունից արել նման հայտարարություն, «Ազատությանն» ասաց՝ նախարարի հորդորն իրեն չի վերաբերում։ Ըստ նրա` համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը պաշտոնական չէ, և որ ինքն անձնական կարծիք արտահայտելու իրավունք ունի. «Այսինքն` տեղական ինքնակառավարման մարմինները որպես այդպիսին...պաշտոնական կայքէջ չի, ֆեյսբուքյան էջ է նախ»: Դիտարկմանը, որ ֆեյսբուքյան այդ էջում գրված է Սպիտակի համայնքապետարան, արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի, Ֆեյսբուքում ամեն ինչ էլ գրում են չէ՞»:

Համայնքապետերից շատերը հրաժարվեցին հարցազրույցից։ 20 տարի Ջրաշենը ղեկավարած Վահան Ուռուսյանը, որի անունը հիշատակվում է տեղական բյուջեն չարաշահելու մի շարք աղմկահարույց քրեական գործերով, ասաց՝ վարչապետի հրաժարականը չի պահանջել ու չի էլ պահանջելու։

Նախարար Սուրեն Պապիկյանը համայնքների ղեկավարների հետ իր զրույցը համարեց փոքրիկ ակնարկ ստեղծված իրավիճակի մասին։ Հորդորեց ասվածն ընդունել ի գիտություն և շարունակել գործել միայն «Սահմանադրությամբ և օրենքներով տրված լիազորություններով». «Ես չեմ խոսում որևէ իշխանության լինելության մասին, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության մասին: Այստեղ անկախ մեր քաղաքական հայացքներից ու դիրքորոշումից` յուրաքանչյուրս համախոհ ենք, գործընկեր ենք, բարեկամ ենք: Ես սա հատուկ եմ նշում, որպեսզի յուրաքանչյուրս մեր մեջ երեկոյան` քնելուց առաջ, մեզ հարց տանք, թե մեր երկրի առաջ ծառացած մարտրահրավերին ի՞նչ կերպ ենք դիմագրավում` միասնությա՞մբ, թե՞ երկիրը քայքայելու գործունեությամբ»:

Նախարարը Վանաձոր էր եկել` ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին։ Օրեր առաջ աշխատանքից ազատվեց մարզը երկու տարի ղեկավարած Անդրեյ Ղուկասյանը։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկ այլ անդամ, ով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։ Կուսակցության որոշմամբ հրաժարվեց մանդատից և ստանձնեց մարզպետի պաշտոնը։ Սուրեն Պապիկյանն ասաց՝ կադրային փոփոխությունները պայմանավորված են «իշխանության շարունակականության, դերակատարումների փոփոխության բնականոն գործընթացով»։ Նորանշանակ մարզպետին բնութագրեց որպես լավ քաղաքացի և հայրենասեր մարդ։ Նորանշանակ մարզպետը խոստացավ աշխատել պատասխանատվության բարձր զգացումով և ազնվիրաբար. «Ջանքեր չեմ խնայելու` մարզում ապահովելու, ես ուզում եմ ընդգծել, փոխվստահության, գործակցային մթնոլորտ` իմ կողմից պարտավորվելով աշխատանքում լինել թափանցիկ և հաշվետվողական»:

Արամ Խաչատրյանին Ազգային ժողովում կփոխարինի Վանիկ Օհանյանը։ Նա Վանաձորի թիվ մեկ պոլիկլինիկայի տնօրենն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG