Մատչելիության հղումներ

Թրամփը ներում է շնորհել ընտրություններում ռուսաստանյան հնարավոր միջամտության գործով անցնող ևս 2 մեղադրյալի 


Միացյալ Նահանգների հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը սուրբծննդյան տոներին ընդառաջ ներում է շնորհել ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործով անցնող հերթական մեղադրյալներին՝ իր նախընտրական շտաբի նախկին խորհրդական Ջորջ Պապադուպոլոսին և հոլանդացի փաստաբան Ալեքս վան դեր Ցվաանին՝ իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի գործընկերոջը։

Պապադուպոլոսը մեղադրվում էր նախաքննության ընթացքում դաշնային մարմիններին տված ցուցմունքներում ստելու համար: Նա, մասնավորապես, փորձել էր իրավապահ մարմիններից թաքցնել իր շփումները ենթադրաբար Ռուսաստանի շահերը ներկայացնող մի շարք անձանց հետ, որոնք նրան առաջարկել էին Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տեղեկություններ փոխանցել: Դատավարության օրերին Թրամփի վարչակազմը համառորեն պնդում էր, թե նախկին խորհրդականը նախընտրական շտաբում լուրջ պաշտոն չի զբաղեցրել: Նախագահ Թրամփը նույնիսկ «Թվիթերում» գրել էր, թե «այդ երիտասարդ, ցածր պաշտոն զբաղեցնող Ջորջ անունով կամավորին քչերն են ճանաչել»:

Ամերիկյան մամուլը, մինչդեռ, հիշեցրել էր, որ նախագահական ընտրություններից առաջ նախագահ Թրամփը բոլորովին այլ կերպ էր խոսում իր արդեն ձերբակալված խորհրդականի մասին: The Washington Post -ի հետ զրույցում նախագահության թեկնածու Թրամփը, մասնավորապես, հայտարարել էր․ «Պապադոպուլոսը հիանալի տղա է, իմ հինգ խորհրդականներից մեկը:

Ինքը՝ Պապադոպուլոսը խոստովանել է, որ նախընտրական շտաբում տևական ժամանակ փորձել է կազմակերպել Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այդ գործում իրեն օգնել է Լոնդոնում ապրող մի պրոֆեսոր, որն իբր սերտ կապեր է ունեցել ռուսական իշխող էլիտայի հետ: Հենց նա էլ, ըստ քննության, Թրամփի խորհրդականին ծանոթացրել է մի ռուս կնոջ հետ, որը ներկայացել է որպես Պուտինի հարազատ և պնդել, որ Կրեմլում ծանրակշիռ նյութեր ու հարյուրավոր էլեկտրոնային նամակներ ունեն՝ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկելու համար:

Թրամփի կողմից նախօրեին համաներման արժանացած անձանց ցանկում են նաև երեք նախկին կոնգրեսականներ Հանրապետական կուսակցությունից, որոնք քրեական պատասխանատվության են ենթարկվել կոռուպցիոն գործերով։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն` նախագահական համաներման են արժանացել Blackwater ամերիկյան ընկերության նախկին չորս աշխատակիցներ, որոնք ճաղերի ետևում են հայտնվել 2007 թվականին Բաղդադում իրաքցի խաղաղ բնակիչների սպանությունների համար։

Ամերիկյան The New York Times պարբերականի տվյալներով` մինչ օրս Թրամփը ներում է շնորհել կամ մեղմացրել դատավճիռը 45 անգամ, և 88 տոկոսի դեպքում խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր անձնական կապեր ունեն նախագահի հետ կամ հետապնդել են քաղաքական ինչ-որ նպատակներ։

Նախագահական ժամկետի ավարտին Թրամփը քրեական պատասխանատվությունից ազատեց նաև Ազգային անվտանգության հարցերով իր առաջին խորհրդական Մայքլ Ֆլինին, ով Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցիներին կեղծ տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր շփումների վերաբերյալ։ Ֆլինը, մասնավորաբար, չէր տեղեկացրել ամերիկացի քննիչներին, որ Կիսլյակի հետ զրույցների ընթացքում անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հնարավոր չեղարկմանը։ Ֆլինը նախապես ընդունել էր իրեն ներկայացված մեղադրանքը՝ համագործակցելով քննչական մարմինների հետ։ Որոշ ժամանակ անց, սակայն, նա մտափոխվել էր` հայտարարելով, որ իրեն մեղավոր չի համարում։

Անցած հուլիսին էլ Սպիտակ տան ղեկավարը մեղմել է իր վաղեմի խորհրդական Ռոջեր Սթոունի դատավճիռը, ով նույնպես ամերիկյան ընտրություններին ռուսաստանյան հնարավոր միջամտության գործով դատապարտվել էր մի քանի հոդվածներով։

Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ դեմոկրատ Ադամ Շիֆֆի գնահատմամբ` Թրամփը համաներում է շնորհում, որպեսզի պարգևատրի իր ընկերներին և քաղաքական դաշնակիցներին և «պաշտպանի նրանց, ովքեր ստում են իրեն քողարկելու համար»։

«Թրամփը ամեն ինչից՝ օրենքի գերակայությունից, մեր ժողովրդավարությունից և, իհարկե, արդարությունից բարձր գնահատում է լոյալությունը»,- ասել է Շիֆֆը։

XS
SM
MD
LG