Մատչելիության հղումներ

Ընտրիչների կոլեգիայի քվեարկությունը հաստատեց Բայդենի հաղթանակը ԱՄՆ նախագահի ընտրություններում


ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդեն, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփ

Ընտրիչների կոլեգիան վերջակետ դրեց ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ ավելի քան մեկ ամիս ձգվող վեճին։ Երկուշաբթի օրը տեղի ունեցած քվեարկությունը Ամերիկայի 50 նահանգներում և Կոլումբիայի շրջանում հաստատեց դեմոկրատ թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հաղթանակը։

78-ամյա Բայդենը այդպիսով ստացել է 306 ընտրիչի աջակցություն՝ ընդհանուր 538-ից, նրան անհրաժեշտ էր 270 քվե։ Նրա մրցակից, գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է ընդամենը 232 քվե։

Մինչ օրս Դոնալդ Թրամփը չի ընդունել իր պարտությունը՝ պնդելով, որ ընտրություններն ուղեկցվել են զանգվածային կեղծիքներով։

Երկուշաբթի երեկոյան ելույթ ունենալով՝ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը ամերիկացիներին կոչ է արել մոռանալ նախընտրական վեճերի մասին։

«Ամերիկայի հոգու համար մղված այս պայքարում հաղթել է ժողովրդավարությունը։ Մեզ հաջողվել է պահպանել մեր ընտրությունների ոգու անձեռնմխելիությունը, և այժմ ժամանակն է շրջել այդ էջը»,- հայտարարել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը։

Բայդենն իր ելույթում կոշտ քննադատություն է հնչեցրել գործող նախագահի հասցեին, ով ավելի քան մեկ ամիս է դատարաններում համառորեն, բայց և ապարդյուն փորձում է վիճարկել ընտրությունների արդյունքները առանց ապացույցների, հայտարարելով բազմաթիվ խախտումների մասին։

«Այդ դիրքորոշումն այնքան ծայրահեղական է, որ մենք նման բան դեռևս չենք տեսել։ Դիրքորոշում, որը հրաժարվում է ժողովրդի կամքը պահպանելուց, օրենքի գերակայությունից, մեր Սահմանադրությունը հարգելուց», - խոսելով Թրամփի մարտավարության մասին՝ ասել է Բայդենը։ - «Փառք Աստծո, Գերագույն դատարանի միաձայն որոշումը անհապաղ և միանշանակ մերժել է այդ գործողությունները։ Դատարանը Թրամփին հստակ հասկացրել է, որ չի մասնակցի մեր ժողովրդավարության դեմ աննախադեպ հարձակմանը»։

Ի հեճուկս բոլոր սպասելիքների, գործող նախագահը որևէ կերպ չի մեկնաբանել Ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները։ Երկուշաբթի կեսօրին Թվիթերի իր էջում Թրամփը նոյեմբերի 3-ի ընտրությունները կրկին անվանել է գողացված և կեղծված։

Անցած հանգստյան օրերին Fox News հեռուստաընկերության հետ զրույցում Թրամփն ասել է, թե չի պատրաստվում դադարեցնել պայքարը և չի ընդունելու իր պարտությունը։

«Ինձ անհանգստացնում է, որ այս երկրում ապօրինի նախագահ է լինելու», - հայտարարել է հունվարի 20-ին Սպիտակ տունը լքող Դոնալդ Թրամփը՝ պնդելով, թե իրենից հետո Օվալաձև սենյակում նստելու է նախագահ, ով պարտվել է, և պարտվել է լրջորեն։

Մինչդեռ ընտրություններից հետո մինչ օրս Թրամփի փաստաբանները այդ պնդումներում որևէ հաջողության չեն հասել։ Նրանց ներկայացրած ավելի քան հինգ տասնյակ հայցերը բոլորն անխտիր դատարանները մերժել են՝ չգտնելով որևէ ապացույց ընտրությունները կեղծելու վերաբերյալ։

Գործող նախագահի ավագ խորհրդական Սթիվեն Միլերը, այդուհանդերձ, հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը մտադիր չէ հանձնվել և դեռ հույս ունի հասնելու ընտրությունների արդյունքների վերանայմանը։

Միլերի խոսքով՝ Թրամփի կողմնակիցները պատրաստվում են Կոնգրես ուղարկել «այլընտրանքային ընտրիչների», որոնք պետք է համոզեն օրենսդիրներին, թե իրականում հաղթանակ է տարել գործող նախագահը։

Գործող կարգի համաձայն՝ ընտրությունների արդյունքները հունվարի 6-ին պաշտոնապես պետք է վավերացնի Կոնգրեսը։

Կոնգրեսականներն իրավունք ունեն վիճարկելու քվեարկության արդյունքները յուրաքանչյուր նահանգում։ Բազմաթիվ մեկնաբաններ, սակայն, կարծում են, որ գործը դրան դժվար թե հասնի, և եթե նույնիսկ հասնի, ապա Թրամփի կողմնակիցները հազիվ թե հաջողության հասնեն, քանի որ դեմոկրատները պահպանում են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և ամենայն հավանականությամբ կտապալեն ընտրությունների արդյունքները այս կամ այն նահանգում չեղարկելու ցանկացած փորձ։

XS
SM
MD
LG