Մատչելիության հղումներ

Արևիկ Թամրազյանը պատերազմում կորցրել է որդուն, ամուսինն էլ հայտնվել է գերության մեջ


Արևիկ Թամրազյանը պատերազմի հետևանքով կորցրել է որդուն, ամուսինն էլ հայտնվել է ադրբեջանական գերության մեջ։ Ապրում էին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ Այս գյուղի մի մասը հիմա ադրբեջանական կողմում է, այդ թվում` Թամրազյանների բնակարանը։ Որդու վերջին զանգը հոկտեմբերի 26-ին էր. «Միշտ որ զանգում էի, ասում էր` սաղ լավ ա, մամ, արխային մնա»:

Հոկտեմբերի 27-ին արդեն 24-ամյա որդու մահվան գույժն են ստացել։ Մորը հիմա զինվորական որդու մասին հիշողություններն են ջերմացնում։ Սեպտեմբերի 22-ին գյուղում հարսանիք կար, որդին էլ քավորն էր։ Հաջորդ օրը Երևան էր գնացել, բայց պատերազմի մասին լսելով` վերադարձել էր Արցախ. «Մարտունի 2-րդում ավագ լեյտենանտ էր։ 4 տարի էստեղ սովորել էր Վազգեն Սարգսյանում, գերազանցիկ, կարմիր դիպլոմով ավարտել: Արդեն 2 տարի էր, ինչ աշխատում էր, բայց իրեն կանչել էին էստեղ, որ ինքը Վազգեն Սարգսյանում է եղել, որ 4 ամիս նորից վերապատրաստումներ անի: Երբ էդ լուրը լսեց, հենց այդ նույն օրը` ամսի 27-ին, իր մեքենայով վերադարձավ իր դիրքերը»։

Որդու զոհվելուց օրեր անց հայրը մեկնում է Արցախ՝ տղայի իրերը վերցնելու։ Հետո ցանկացել է հարազատների գերեզման գնալ, ու նրան այլևս տեսնող չի եղել. «Գնացել է, տղայիս հեռախոսը, շորերը մնացել էին դիրքում, ընկերները վերցրել էին, գնացել է Մարտունի, էտ հեռախոսը, շորերը վերցրել, հետո եկել Մարտունի, ինքը Մարտունի մի սենյակ ուներ վարձած, էնտեղ էր մնում: Տղաս աշխատանքից հետո էնտեղ էր գնում էլի, գյուղ չէր գալիս, գնացել է, իրեն վեշերը հավաքել տեղափոխել Ստեփանակերտ, հետո որոշել է, որ գյուղ գնա, խնամոնց հետո գյուղ է գնացել, էնտեղ մի մեքենա կա, որ վերցնեն, գան: Հաջորդ օրը զանգել ա, թե ես գյուղի էս ինչ մասում եմ գտնվում, ասել եմ` բա էտտեղ ի՞նչ ես անում, էտտեղ թուրքեր են, ասել ա` հա, թուրքեր են, ես հենց թուրքերի մոտ եմ: Վերջին զանգը դա է եղել»:

Թամրազյանի հարազատներն այժմ Ստեփանակերտում են, սպասումով, որ Արևիկի ամուսնու մասին որևէ լուր կիմանան. «Որ ասել են` գերիներ են փոխանակում, էտ գիշեր գնացել ենք օդանավակայան, տեսնենք` իրեն անունն էլ կա, թե չկա, իրեն անունը չի եղել: Ասել ենք, որ հաստատված է, կարող է իրեն անունը լինի, բայց չի եղել»։

Արևիկ Թամրազյանը այժմ երեք դստրերի հետ Արմավիրի մարզում է։ Արցունքոտ աչքերով ցույց է տալիս Թաղավարդում կորցրած տունը, մեքենան, որոնք ադրբեջանցիներն այրել են. «Էս մեքենան ա մեր` վառած, էս տունն ա»:
Արևիկ Թարմազյանի ականջներում դեռ որդու ձայնն է, զոհվելուց մեկ շաբաթ առաջ առաջնագծից զանգել ու ասել էր՝ դուրս եկեք տնից. «Ասում ա` արդեն վիճակը վատ ա, պիտի որ անպայման դուրս գաս, զանգում էր, որ դու էլ գնա, գան երեխաների մոտ, Երևան գնա, ես չէի ուզում, միշտ ասում էի՝ ես քեզ չեմ թողնի առաջնագծում, ես գնամ Երևան։ Դե արդեն 20-ին զանգեց, որ արդեն դրությունը շատ վատ ա, պիտի գնաս։ Գյուղում արդեն մեծահասկաները դիրքեր էին դրել, գյուղն էին պահում, գիշերները հսկում էին մեծերը` 45-ից բարձրերը»։

Թամրազյանները տնից ոչինչ չեն հասցրել վերցնել, ամեն ինչ թողել ու լքել են գյուղը. «Ամեն ինչ թողել ենք, ոչ մի բան չենք վերցրել, ասել ենք՝ մի օրով գնում ենք մի ուրիշ գյուղ, նորից վիճակը կլավանա, նորից կվերադառնանք գյուղ, դե ավելի էր վատանում»:

Հայաստանում էլ այս ընտանիքի համար էլ հոգսերը չեն պակասում։ Ունեն փաստաթղթերի խնդիր, առանց որոնց աջակցության որևէ պետական ծրագրի չեն կարողանում մասնակցել. «Ասում են` ամսի 28-ին անձնագիրս կլինի, աղջկաս ծննդականն էլ հանձնել ենք, ասել են 2 օրից կզանգենք, որ գաք, կրկնօրինակը վերցնեք, բայց արդեն 4-5 օր ամեն օր զանգում եմ, թե չկա, պիտի Ղարաբաղը հաստատի, Ղարաբաղի համար են տվել, որ զանգեմ եմ, զանգում եմ, չեն վերցնում»:

XS
SM
MD
LG