Մատչելիության հղումներ

Շուռնուխն ամբողջությամբ հայկական վերահսկողության տակ է մնալու, գյուղապետին վստահեցրել են հայ և ռուս զինվորականները


Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը, 19-ը դեկտեմբերի, 2020թ․
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը, 19-ը դեկտեմբերի, 2020թ․

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից 12 տուն Խորհրդային Միության քարտեզներով ընկնում են Ադրբեջանի տարածքում։ Դրանցից մեկում ապրող 70-ամյա Անահիտ Ալեքյանն, այնուհանդերձ, չի պատրաստվում հեռանալ իր տնից։ Բայց դստեր ու թոռնիկի իրերը հանել է, ասում է՝ եթե մի բան լինի, թող իրեն լինի։

«Աղջկաս բաժինքը ստեղ էր լրիվ, որ գնացել էին վարձով էին իրանք ապրում, տեղը նեղվածք էր իրանց մոտ, էնքան որ իրա բաժինքի կառավաթն ա, տեղաշորն ա, թոռնիկիս տեղաշորը, բանը հանեցի, ասի՝ ինչ ուզում ա ըլնի, ինձ ըլնի, էրեխեքիս բան չլնի։ Փեսես, մեքենա էինք վերցրել, էկանք, բարձեցի, գնացին, ես մնացի։ Ես չեմ կարա իմ տունը թողեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անահիտ Ալեքյանը։

Ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցած կինը դժգոհում է, որ ինքնապաշտպանության համար զենք չունի, դռան դիմաց դրված կացինի վրա է հույս դրել։ «Տուն-տեղ եմ դառել, հիմա էլ տամ ադրբեջանցո՞ւն։ Չեմ տա, չեմ դուս գալու», - հայտարարեց նա։

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ երեկ կանանց և երեխաների մի մասին տարհանել են․ - «Էրեկ մենք տարհանել ենք երեխաներին, կանանց՝ ըստ ընտանիքի որոշման, ես ոչ մեկին ո՛չ ասել եմ հանեք, ո՛չ ասել եմ մնացեք»։

«Ազատության» հարցին՝ կա՞ն հիմա մարդիկ այդ 12 տներում, գյուղապետը պատասխանեց․ - «Հա բա ո՞նց չկան, կան։ Էդ նույն 12 տներում՝ իրանց անասունները, իրանց տունը, իրանց լույսը։ Հիմա մեկի տանը կինը, էրեխան կա, էն մեկի տանը չկա, վերևի թաղից էլ կինը, էրեխան կարող ա հանած լինի։ Ամեն դեպքում, տարհանվածները ընդամենը կին, էրեխաներն են։ Քանի որ ամեն ինչ թուրքից սպասելի ա, բախումները անխուսափելի ա, ու դա հլա շարունակական՝ նույն 92 թիվն ա դառնալու՝ գալու են մարդ գողանան տանեն, ավտո փախցնեն, ամեն ինչ, ինչ էն ժամանակ եղել ա, նորից կրկնվելու ա։ Նորից հետ դառանք 92 թիվ»։

Հայաստանի պաշտպանության նախարարության և ռուս սահմանապահների գնդապետները Արշակյանին բանավոր հայտնել են, որ գյուղը հայկական վերահսկողության տակ կշարունակի մնալ, բայց, ասում է, ամեն ինչի սպասում են։

«Ամեն դեպքում, լարված էր, շատ էինք լարված, երկում օր ա՝ երեկ կեսօրվանից հանգստացրեցին մի քիչ, հուսադրող խոսքեր ասեցին, ասեցին, որ «մի անհանգստացեք, գյուղը իրա տարածքով մնալու ա Հայաստանի Հանրապետության սահմանի վրա», - նշեց գյուղապետը։

Հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման աշխատանքները մեկնարկեցին երեկ, այդպիսով Սյունիքի բազմաթիվ բնակավայրեր սահմանամերձ են դառնում, բնակելի որոշ տարածքներում հայերին և ադրբեջանցիներին մի քանի հարյուր մետր կբաժանի, Շուռնուխ գյուղի մի մասն ընդհանրապես ԽՍՀՄ քարտեզներով Ադրբեջանում է գտնվում, որոշ ճանապարհներն էլ մասնակի կանցնեն Ադրբեջանի տարածքով։

Դավիթ Բեկ գյուղում անհանգիստ են, ասում են՝ չորս կողմից շրջապատված են լինելու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմելով քաղաքացիներին՝ վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք Ադրբեջանին չի փոխանցվելու։ Վարչապետն այդուհանդերձ ընդունում է՝ կարող են ծագել լոգիստիկ, տրանսպորտային բարդություններ։

«Այսօր՝ տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում։ Այսօր արդեն՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է», - մասնավորապես հայտարարեց Փաշինյանը։

Հայ - ադրբեջանական սահմանի հատման կետերում հսկում են ռուս սահմանապահները, որոշ մասերում էլ դիտարկում են իրականացնում։ Չնայած հայ զինվորականները դեռ երեկվանից սպասում են ադրբեջանցիներին, այսօր «Ազատության» անցկացրած նկարահանման վայրերում ադրբեջանցի զինվորականներ չկային։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG