Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն:

Հայաստանի նախագահը և նախագահի աշխատակազմը հարգանքի տուրք են մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել​ նրանց գերեզմաններին, ասված է նախագահականի հաղորդագրությունում։

Արմեն Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի​ Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի,​ Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, ինչպես նաև զորավար Անդրանիկի շիրիմներին: Հայաստանի նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենիքի համար​ ​ զոհվածների հիշատակը:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է. - «Շատ դժվար օրեր են։ Հույս ունեմ, որ 2020 թվականի ավարտի հետ մենք փակելու ենք ողբերգական ու դժբախտ էջը և կարողանալու ենք ոտքի կանգնել, նոր էջ բացել։ Միակ բանը, որ հիշելու ենք​ 2020 թվականից, սուրբ հիշատակն է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայրենիքը պաշտպանելու համար։​ Բոլոր դժբախտությունները պետք է դասեր լինեն, այլ ոչ թե ցավոտ հիշողություններ։

Պետք է նորից սկսենք մեր կյանքը։ Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»:

Դեկտեմբերի 19-ից Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է՝ ի հիշատակ Ղարաբաղյան պատերազմում զոհվածների։

Երեկ Երևանում կայացավ հիշատակի երթ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ Հայաստանի վարչապետի առաջնորդությամբ։

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի տնօրինությամբ՝ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգստյան արարողություն՝ Արցախյան պատերազմում նահատակվածների հոգիների խաղաղության համար։

XS
SM
MD
LG