Մատչելիության հղումներ

Սյունեցիները մտահոգ են` Կապանի հետ իրենց գյուղերը կապող ճանապարհն այսօրվանից դուրս է մնում հայկական վերահսկողությունից


Սյունիքի մարզի ՏԻՄ ներկայացուցիչների կողմից հայտարարվել էր, որ այսօր` ժամը 17-ից, այն տարածքները, որոնք Խորհրդային Միության քարտեզներով պատկանել են Ադրբեջանին և Ադրբեջանի մաս են կազմել, պետք է փոխանցվեն այդ երկրին: Դա վերաբերում է մարտական դիրքերին, որոշ ճանապարհներին, ինչպես նաև բնակելի վայրերին:

Վարչապետ Փաշինյանն էլ օրերս հայտարարել էր, որ Գորիս-Կապան մայրուղու որոշ հատվածներ էլ նույն սկզբունքով Հայաստանի տարածքից դուրս են գտնվում:

Խոսքը Կապանի շրջանի մի քանի տասնյակ գյուղերի մասին է` Սյունիք գյուղ, Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Ագարակ և Եղվարդ գյուղերի շրջակայք, ինչպես նաև մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող Շուռնուխ գյուղի շրջակայք:

«Ազատության» թղթակիցը տեղից հաղորդում է, որ այսօր Կապանի շրջակայքում կարելի է արդեն տեսնել ռուս խաղաղապահների, ովքեր հսկում են Կապանից դեպի Ադրբեջանի սահման տանող հատվածում գտնվող գյուղերի ճանապարհը: Այդ գյուղերի բնակիչները հայտնեցին, որ բացի մարտական դիրքերը զիջելուց, իրենց ճանապարհը` Կապանի հետ կապող, նույնպես փոխանցվելու է Ադրբեջանին, և իրենք ստիպված են լինելու քաղաքի հետ կապը պահել շատ ավելի վատ որակով ճանապարհով. «Հայտնել են, որ Սեկտար գյուղը պիտի տան թուրքերին, իսկ մեր հիմնական ճանապարհն այդտեղով է: Էս կողմի ճանապարհը լրիվ անբարենպաստ վիճակում է: Մեր հիմնական ճանապարհը դեպի Կապան է տանում: Մինչև ժամը 5-ը, 5-ից հետո էտտեղով էլ ոչ մի մեքենա չի կարող գնալ, իրենց ասելով` պիտի գնանք մեր էս գյուղից էն կողմ` Խդրանց գյուղի ճանապարհով: Գիշերվա ժամը 11-ին սմենից մարդիկ գալիս են, պիտի գնան նորից սմենի, չեն կարա գնան, մեկը իմ տղեն, ո՞նց կարա գնա: Այ էնտեղ մեր պոստերն են, թուրքի գյուղն ա, ընդամենը մի քանի մետր ա»:

«Եթե մենակ իրենց տարածքների համար լինի, էտքան մտավախություն չունենք, հիմա լուրեր են պտտվում, որ ասենք թե մեր գյուղերն էլ են վտանգի տակ, որ պետք է անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ: Այ էտ ա, անորոշությունից ենք մտահոգված», - ասում է մեկ այլ բնակիչ:

Ավելի ուշ էլ ռուս սահմանապահները հայտնեցին, որ վաղվանից այդ ճանապարհը փակ է լինելու հայ զինվորականների համար, սակայն քաղաքացիական անձինք կկարողանան շարունակել երթևեկել այդ ճանապարհով:

Ագարակ գյուղի բնակիչը հարցին, թե իրեն ի՞նչ են հայտնել, ասաց. «Մենք ուրախ չենք, որ էսպիսի բաներ կատարվում են, որ մեր հողերը, մոր էս ճանապարհներն առավել ևս, որ տալիս են իրենց, դառնում ենք շրջափակման մեջ էլի, չգիտենք` ոնց կլինի, ինչ կլինի, կգերեվարվեն էլի շատ մարդիկ էտ ճանապարհներում, թե ինչ կլինի, մեզ համար անհայտ է ու շատ մտահոգիչ»:

Կապանի շրջակայքում կարելի է դեպի քաղաք վերադարձող զորքեր, մարտական դիրքերից քաղաք շարժվող մարտական բեռնատարներ: Այնուհանդերձ, Ադրբեջանի հետ սահմանի մերձակայքում հայ զինվորականների դեռևս կարելի է հանդիպել:

XS
SM
MD
LG