Մատչելիության հղումներ

Սահմանազատման հարցում սկզբունքային գործոն է հայատյացության ու թշնամանքի քարոզի Բաքվի շարունակվող քաղաքականությունը, շեշտում է Թաթոյանը


Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերում սկզբունքային նշանակության գործոն է ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի շարունակվող քաղաքականությունը, շեշտում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

«Նույն նշանակությունն ունեն ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններն, այդ թվում` ադրբեջական իշխանությունների վերահսկողության ներքո որևէ ձև հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ նրանց դաժանությունները (հայկական բնակավայրերի զանգվածային ավերումներ, սպանություններ, գլխատումներ, գնդակահարություններ, խոշտանգումներ, ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ և այլ)», - ասված է Արման Թաթոյանի այսօր Ֆեյսբուքում կատարած գրառման մեջ։

Օմբուդսմենը պնդում է, որ սահմանազատումների ու սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ սահմանային բնակավայրերի բնակիչների, Հայաստանի ողջ ժողովրդի կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու նրանց կենսական կարևորության միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների համար:

Թաթոյանի համոզմամբ՝ սահմանազատումների ու սահմանագծումների գործընթացում պետք է ներգրավել քարտեզագրության, գեոդեզիայի, ռազմական ու այլ ոլորտների մասնագետների, պատմաբանների, անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ տեղերում, պատշաճ իրավական հիմքերի ստեղծում և այլն․ - «Այս ամենը մեր պետականության անվտանգությունը երաշխավորելու ու մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար պատշաճ հիմքեր ունենալու անհրաժեշտ քայլերից են, որ պետք է ապահովեն նաև մեր երեխաների, մեր սերունդների իրավունքների պաշտպանությունը»:

XS
SM
MD
LG