Դատարանը մերժել է «Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, հայտնում է Քննչական կոմիտեն:
Դաստիարակին դեկտեմբերի 12-ին մեղադրանք էր առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դաստիարակչուհին, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն աշխատելով նշված մանկապարտեզում և «ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված և իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով և դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, իր պարտականությունները կատարել է թերի, ոչ պատշաճ. անօգնական վիճակում գտնվող մանկահասակ՝ 2018 թվականին ծնված երեխաներին սպառնացել է դիմել ծնողներին՝ նրանց ծեծի ենթարկելու համար, չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, հրաժարվել է երեխաներին խմելու ջուր տալ և ծեծի է ենթարկել նրանց՝ դիտավորությամբ պատճառելով ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք»:
Հիշեցնենք՝ «Մեր բակ» մանկապարտեզի սաների նկատմամբ հոգեկան տառապանք, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքի առթիվ դեկտեմբերի 9-ին հարուցվել էր քրեական գործ: