Մատչելիության հղումներ

Ապատեղեկատվության հոսքերի մեծ մասը կառավարվում է արտերկրից. Փաշինյան


Մինչ ընդդիմադիրները շարունակում են վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերն և երթերը, Փաշինյանը հայտարարում է՝ հրաժարական չի տալու․ - «Անընդհատ լուրեր են շրջանառում իմ հրաժարականի մասին, մինչդեռ հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա»:

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական գործընթացներին՝ գործադիրի ղեկավարն ասաց, որ դրա նպատակը փակ սենյակներում խնդիրներ լուծելն է առանց ժողովրդի կամքի․ - «Կրկին ուզում եմ ընդգծել, որ կան որոշ պրոցեսներ և գործընթացներ, որոնց նպատակն ակնհայտորեն ժողովրդին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է և փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը»:

Նիկոլ Փաշինյանը մտահոգված է թե՛ Հայաստանի սահմանների, թե՛ իր հրաժարականի վերաբերյալ ապատեղեկատվական հոսքերով։ Նրա խոսքով՝ նեղ քաղաքական շահերով է պայմանավորված այդ ամենը։ Փաշինյանը չբացառեց, որ այդ հոսքերի մեծ մասը կառավարվում է արտերկրից։ Թե որ երկրից, Փաշինյանը չնշեց․ - «Ապատեղեկատվության հսկայական հոսքեր էր դրվել շարժման մեջ։ Այդ հոսքերի բավական մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Մի օրինակ կարող եմ բերել միայն՝ առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր առմամբ բոլոր գիշերները, ռազմական առումով անցել է հանգիստ։ Բանը հասել է այնտեղ, որ առանց ավելորդ բարդությունների լուրեր են դրվում շրջանառության մեջ, թե, ասենք, կառավարությունը Սևանը, կամ Ջերմուկը, կամ Սյունիքը զիջել է Ադրբեջանին: Սա իսկապես տեղեկատվական պատերազմ է, և այստեղ մենք հակազդեցության հստակ միջոցներ ենք ձեռնարկելու»:

Այսօրվա թիվ մեկ խնդիրը Հայաստանի անվտանգության կայունացումն է, ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով․- «Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, և այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի: Նաև հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր և հիշատակի այլ միջոցառումներ: Այդ օրվա դրությամբ, հնարավոր է, հավանական է, մեր ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն, կունենանք բազմաթիվ չճանաչված մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ, այլևս չի կարելի հետաձգել»:

XS
SM
MD
LG