Մատչելիության հղումներ

Պաշտպանն Ալիևի ու Էրդողանի երեկվա ելույթները Հայաստանի ժողովրդի կյանքին, առողջությանն ուղղված բացահայտ սպառնալիք է որակում


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահի երեկվա ելույթներում ատելության ու թշնամանքի այն նույն շեշտադրումներն ու խոսքերն էին, որոնք ադրբեջանական զինվորականներն այս պատերազմի ընթացքում օգտագործում են հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, նրանց դաժանաբար սպանելիս կամ բացառիկ ցինզիմով անմարդկային վերաբերմունք դրսևորելիս, երեկ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Պաշտպանի համոզմամբ՝ նման ելույթներն են, որ տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել են հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ, անպատժելիության բացահայտ խրախուսում ու այդ ամենի պետական ամենաբարձր մակարդակով հովանավորում:

«2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դաժանության աստիճանով նույնիսկ չեն տեղավորվում մարդկային երևակայության մեջ: Դրանք դաժանությամբ այնպիսի արարքներ են, որոնք նույնիսկ գիտական հետազոտություններ են պահանջում՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչ աստիճանի դաժանությունների է ընդունակ մարդ էակը», - ասել է Թաթոյանը՝ շարունակելով․ - «Թուրքիայի նախագահը հայերի դեմ ուղղված ատելություն բորբոքող ու Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված սպառնալիքներով լի իր ելույթում նշել է, թե այսօր Ահմեդ Ջևադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն է: Հաստատված փաստ է, որ այս մարդիկ երիտթուրքեր են, որոնք Օսմանյան կայսրությունում կազմակերպել ու կատարել են Հայոց Ցեղասպանությունը՝ ուղեկցելով այն սպանություններով, առողջության խեղումներով, խոշտանգումներով ու բռնաբարություններով: Թուրքիայի նախագահի կողմից այս անձանց փառաբանելը ու այն էլ դա անելը զորահանդեսի ժամանակ ընթացող հրապարակային ելույթով ցեղասպանության բացահայտ մտադրություն է: Այդ ելույթի ակնհայտ նպատակն է էլ ավելի բորբոքել ատելությունը»:

Այս ելույթները Հայաստանի ողջ ժողովրդի, քաղաքացիական ողջ բնակչության կյանքին, առողջությանն ուղղված բացահայտ սպառնալիք են, բացահայտ ահաբեկում, որոնք միջազգային իրավունքի բարցարձակ արգելքների ներքո են, հայտարարել է Թաթոյանը՝ կոչ անելով միջազգային համաշխարհային հանրությանը՝ ձեռնարկել հիմնարար կանխարգելիչ միջոցներ «այս բացարձակ դատապարտելի երևույթներին, որոնք ոտնահարում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային ողջ համակարգը»։

Երեկ Բաքվում տեղի ունեցավ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված ռազմական շքերթ։ Շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, հասավ նաև Հայաստանի տարածք՝ պնդելով, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ, ով ներկա էր շքերթին, հայտարարեց՝ «ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է»։ Թուրքիայի առաջնորդը Երևանին կոչ է արել ջանքեր գործադրել Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու համար՝ միևնույն ժամանակ Հայաստանին սպառնացել «Ադրբեջանի երկաթյա բռունցքով», եթե շարունակի ագրեսիվ վարքագիծը Հարավային Կովկասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG