Մատչելիության հղումներ

Արման Թաթոյանն այսօր այցելել է ադրբեջանական գերությունից Հայաստան տեղափոխված տարեց քաղաքացիներին


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն այսօր այցելել է ադրբեջանական գերությունից Հայաստան տեղափոխված տարեց քաղաքացիներին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այլ մանրամասներ չի հաղորդում՝ պատճառաբանելով, որ դա կարող է վնասել գերության մեջ գտնվող մյուս քաղաքացիներին։

Քաղաքացիական անձինք Ադրբեջանից Հայաստան էին տեղափոխվել երեկ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ, տարեց քաղաքացիները ադրբեջանական ներխուժման ժամանակ մնացել էին իրենց բնակավայրերում: Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով՝ առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով, իր ֆեյսբուքյան էջում գրել է Բեգլարյանը:

Հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի դի, որն, ըստ Արցախի ՄԻՊ-ի, մահացել է գերության մեջ: Հայկական կողմի համար դեռևս անհայտ հանգամանքներում:

Բեգլարյանը նշում է, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համատեղ շարունակում են ջանքեր գործադրել գերիների ու անհետ կորածների վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծության և պետական լիազոր մարմիններին աջակցելու հարցերում:

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, այսինքն գերության մեջ հայտնված զինվորականներին, ապա նրանց փոխանակումը տեղի կունենա այն բանից հետո, երբ ճշգրտվեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած գերիների ցանկերը, երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այժմ այդ աշխատանքներն են ընթանում:

«Փորձում ենք այդ պրոցեսն իրականացնել հնարավորիս սեղմ ժամկետներում: Մենք առաջարկել ենք երկու հիմնական սկզբունք՝ բոլորը բոլորի դիմաց, և ադրբեջանական կողմը նույնպես էս սկզբունքի կողմնակից է՝ ըստ իրենց կողմից արված հայտարարության: Մենք նաև առաջարկել ենք հետագայում՝ փոխանակումից հետո, գերիների հայտնաբերման դեպքերում առանց որևէ նախապայմանի և միակողմանիորեն գերիների վերադարձի սկզբունքը», - նշեց Ավինյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մինչև վաղը՝ դեկտեմբերի 11-ը Ադրբեջանում գտնվող ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար վերջնաժամկետ է սահմանել: ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը տեղյակ չէ, տվյալներն արդեն ներկայացվել են, թե ոչ։

«Դատարանը սպասում է մինչև կառավարությանը տրամադրված վերջնաժամկետի ավարտը և նոր փոխանցում է տեղեկատվությունը դիմումատուներին: Եթե ավելի վաղ ներկայացրած լինեին, դատարանն ավելի վաղ կտրամադրեր», - ասաց իրավապաշտպանը:

Ըստ Սահակյանի, գերիների փոխանակման գործընթացն արդեն մեկնարկել է. «Փոխանակումը կա, մենք ունենք առաջին դեպքը՝ Եվգենյա Բաբայան, այս պահին դեռևս չունենք ռազմագերիներ, բայց դա էլ որոշակի տրամաբանության ենթարկվում է. եթե փուլային է իրականացվում, նախ վերադարձվում են քաղաքացիական անձինք, որովհետև վերջիններիս պաշտպանությունն ավելի մեծ և ուժեղ է միջազգային իրավունքի ներքո, նոր դրանից հետո ռազմագերիներին»:

Իսկ թե ինչ տեմպով և ինտենսիվությամբ կիրականացվի փոխանակումը Սիրանույշ Սահակյանն ասում է՝ դա քննարկման հարց է։

Գերիների փոխանակման բոլորը բոլորի դիմաց սկզբունքի շուրջ փոխհամաձայնությունը ողջունում է միջազգային մարդասիրական Կարմիր խաչ կազմակերպությունը: Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամանունին ասում է՝ իրենք պատրաստակամ են միջնորդելու գերիների վերադարձի գործընթացում, երբ երկու երկրները գերիների փոխանակման վերաբերյալ որոշում կայացնեն:

«Պատրաստ ենք դա կատարելու այն պահին, երբ որոշում կայացվի կողմերի միջև կատարելու այս գործողությունը ժամկետների առումով և մնացած հարցերի շուրջ համաձայնություն ստանալուն պես», - ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատուն:

Զառա Ամատունին հայտնում է, որ Կարմիր խաչը շարունակում է տեսակցել Հայաստանում և Ադրբեջանում հայտնված գերիներին:

Պատերազմի ընթացքում էլ հայկական կողմին քաղաքական անձ էր արտահանձնվել՝ տարեց կին, Հայաստան պետք է տեղափոխվեր նաև 84-ամյա Միշա Մելքումյանը, սակայն նա ադրբեջանական գերության վերջին ժամերին մահացավ:

XS
SM
MD
LG