Մատչելիության հղումներ

Հայկական կողմը գերիների վերաբերյալ տեսանյութերի առնչությամբ նյութեր է նախապատրաստում՝ միջազգային կառույցներին դիմելու համար


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, արխիվ

Հայկական կողմը սոցիալական ցանցերում շրջանառվող գերիների գլխատման տեսանյութերի առնչությամբ նյութեր է նախապատրաստում միջազգային կառույցներին դիմելու համար։

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը «Ազատության» հետ զրույցում զգուշավորությունից ելնելով խուսափեց ասել, թե ում են նույնականացրել այդ տեսանյութերում և քանի նման տեսանյութ են բացահայտել։ Հիմա այս դաժանությունները փաստագրվում են, ապացույցներն՝ ամրագրվում։

«Յուրաքանչյուր տեսանյութում Ադրբեջանի զինված ուժերը նշում են, որ նրանք այդ ամենն արել են վրեժի, արյան ծարավի շարժառիթով: Այդ թվում՝ հաճախ բաց դեմքերով երևալն ակնհայտ ապացուցում է այն, որ վստահ են, որ անպատիժ են մնալու, հետևաբար դրանց համար պատասխանատու պետք է լինեն և քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջանի նաև իշխանության մարմինները», - ասաց Թաթոյանը:

Տելեգրամի ալիքներով տարածվող տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են ադրբեջանցիները կտրում տարեց տղամարդու կոկորդը։ Նույնաբովանդակ ևս մեկ տեսանյութ կա, որտեղ երևում է երիտասարդ տղայի գլխատված մարմինը։ Հավաքագրած փաստերը, օմբուդսմենի խոսքով, վկայնում են, որ այս ամենը տարիներ շարունակ Ադրբեջանի ազգի մեջ սերմացած թշնամանքի և ատելության քարոզի, պետական քաղաքականության հետևանքն է։

«Արձանագրել ենք երևույթ, երբ թուրքական տելեգրամային ալիքով տեղադրվել էր հայ զինվորի, ամեն դեպքում այդ ալիքում պնդումն այդպես էր, որ հայ զինվորի գլխատված դի է, դրա անմիջապես կողքը կազմակերպվել էր հարցում, թե ինչ են զգում ադրբեջանցիներն ու թուրքերը, երբ տեսնում են հայի գլխատված դի: Հարցման տարբեր տարբերակներ էին նշվում՝ զգում եմ սրտխառնոց, բավարարված եմ զգում, լավ եմ զգում դրանից և այլն: Պետք է տեսնեիք նաև դրա տակի մեկնաբանությունները, մենք, իհարկե, արձանագրել ենք», - նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Դիակների փոխանակման ժամանակ բացահայտել են, որ անարգվել են նաև հայ զինվորականների դիերը՝ անդամահատելով մարմնի տարբեր հատվածները։ Թաթոյանի փոխանցմամբ՝ փորձաքննությունը պարզել է, որ որոշ դեպքերում մարդիկ անդամահատվել են ողջ վիճակում։

«Մենք ունենք ապացույցներ, որ անարգանքը կատարվել է, երբ մարդը եղել է կենդանի վիճակում և, իհարկե, արդեն սպանված վիճակում», - ասաց օմբուդսմենը:

Տեսանյութերն ուղարկվել են նախաքննական մարմիններին։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այս պահին ընթանում են տեսանյութերում երևացող մարդկանց նույնականացման աշխատանքները։

«Բավականին դժվար է. տեսանյութեր կան, որտեղ մարդկանց դեմքերը երևում են, տեսանյութեր կան, որտեղ չեն երևում: Ակտիվ համագործակցում ենք նաև տուժողների իրավահաջորդների հետ կամ տուժողների հարազատների հետ, որպեսզի պարզենք՝ ինչ հանգամանքներում են նրանք այնտեղ հայտնվել, եթե այդպիսի տեղեկությունների տիրապետում են: Եթե նույնիսկ կան դեպքեր, որբ քաղաքացիներն իրենք ունեն նման տեղեկություններ, տվյալներ, ես կհորդորեի, որպեսզի դրանք անպայման ներկայացնեն Քննչական կոմիտե», - ասաց Աբրահամյանը:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը իր զեկույցում ևս արձանագրել էր, որ ադրբեջանական ուժերը անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ գերեվարված էթնիկ հայ ռազմագերիների նկատմամբ։ Հեղինակավոր կազմակերպությունը ուսումնասիրել էր սոցիալական ցանցերով տարածված տեսանյութերից 14-ը։ Human Rights Watch- ը վստահ է, որ այս տեսանյութերից ոչ մեկը համացանցում չի տեղադրվել մինչև 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները:

«Ազատության» հետ զրույցում ՄԻՊ-ն էլ հաստատեց՝ Տելեգրամի խմբեր կան, որ ադրբեջանցիները բացել են հատուկ այս պատերազմի համար։ Իսկ դաժան տեսարաններով նյութերը հատկապես պատերազմից հետո տարածելով՝ ադրբեջանցիները շարունակում են հոգեկան կտտանքների ենթարկել հայերին։

Ինչպե՞ս պաշտպանել հիմա հայ ռազմագերիներին, ի՞նչ է արվում, որ այսօր Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերը խուսափեն այս դաժանություններից, ՄԻՊ-ը ցավում է՝ երաշխիքներ չկան։ Թաթոյանի խոսքով՝ մշտական կապի մեջ է միջազգային գործընկերների հետ, բոլոր վտանգների մասին տեղեկացրել է։

«Ես նշում եմ, որ այդ խոշտանգման վտանգը, այդ անմարդկային վերաբերմունքի վտանգը և դրա իրական հնարավորությունը, ռիսկը նաև հիմա է: Անգամ եթե այդ խոշտանգման տեսանյութերն արվել են, ենթադրենք, հոկտեմբերի 1-ին, 2-ին, հիմա են հրապարակվում, այն պայմաններում, երբ որ մեր տղաներն այնտեղ են: Իրանք շատ լավ են չէ՞ հասկանում, որ դրանով ավելի շատ մեծ տառապանք են պատճառում բոլորին ու խաղում են էմոցիոնալ ֆոնի հետ», - ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ պատերազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի կոպտագույն այլ խախտումների վերաբերյալ բոլոր ապացույցները հավաքագրվում են հետագայում տարբեր իրավական ընթացակարգերում օգտագործելու, այդ թվում` Ստրասբուրգի դատարան դիմելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG