Մատչելիության հղումներ

Ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի տեղակայման ամենահավանական վայրը Բարդան է


Սիրիա - Ռուս և թուրք զինծառայողները համատեղ պարեկություն են իրականացնում Իդլիբ նահանգում, ապրիլ, 2020թ․
Սիրիա - Ռուս և թուրք զինծառայողները համատեղ պարեկություն են իրականացնում Իդլիբ նահանգում, ապրիլ, 2020թ․

Ղարաբաղյան հարցով ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը ամենայն հավանականությամբ աշխատանքները կսկսի հաջորդ շաբաթ, երբ Բաքու կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահական վարչակազմի իր աղբյուրներին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը Բաքու է մեկնելու դեկտեմբերի 10-ին, որպեսզի մասնակցի ղարաբաղյան վերջին պատերազմի հաղթական ավարտին նվիրված զորահանդեսին։

Պաշտոնական աղբյուրները՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Թուրքիայում, համատեղ կենտրոնի մասին որևէ մանրամասն առայժմ չեն հաղորդում, թեև համապատասխան համաձայնագիրը ստորագրել էին դեռ անցած շաբաթ։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ կենտրոնում աշխատելու են ռուս և թուրք զինվորականներ, որոնք պետք է միասնաբար վերահսկեն Ղարաբաղում հաստատված հրադադարը, խախտման դեպքում՝ հետաքննեն միջադեպերը, ինչպես նաև հետևեն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված մյուս մյուս պայմանավորվածությունների կատարմանը։

Թե քանի զինվորական է այս առաքելությամբ զբաղվելու, հստակ չէ։ Պաշտոնապես առայժմ չի հաղորդվել նաև՝ որտեղ է կենտրոնը տեղակայվելու։ BBC-ի տեղեկություններով, քննարկվում է հնարավոր երկու տարբերակ՝ Բարդա և Գյանջա։ «Թուրքական կողմը, սակայն, դեմ է Գյանջային՝ պատճառաբանելով, թե այդ քաղաքը շատ հեռու է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներից», - ասել են ադրբեջանցի երկու պաշտոնյաներ՝ անանուն մնալու պայմանով։

Ադրբեջանը, ըստ BBC-ի աղբյուրների, առավել նպատակահարմար է համարել, որ կենտրոնը տեղակայվի Մատաղիսում, որը վերջին պատերազմից հետո հայտնվել է Բաքվի վերահսկողության ներքո և վերանվանվել Սուգովուշան։ «Մարտավարական տեսանկյունից դա առավել հարմար վայր է», - ասել է ադրբեջանցի ռազմական մեկնաբան Ազադ Իսազադեն։ Այս տարբերակին էլ, սակայն, Մոսկվան չի համաձայնել․ - «Ռուսաստանը սկզբունքորեն դեմ է համատեղ կենտրոնի տեղակայմանը Լեռնային Ղարաբաղի տարածքում», - փոխանցում է BBC-ն, հավելելով՝ այս պայմաններում ամենահավանական տարբերակը մնում է Բարդան։ Պաշտոնյաները, այնուհանդերձ, այս վարկածը չեն հերքում, բայց և չեն հաստատում։

Է՛լ ավելի անորոշ է նաև, թե կենտրոնում տեղակայված զինվորականները ինչպես են գործելու և ինչ լիազորություններ են ունենալու։ «Կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ մի շարք տարրերի շուրջ», - ասել է Թուրքիայի հատուկ ծառայություններում BBC-ի աղբյուրը, չհստակեցնելով՝ հատկապես որ հարցերն են վիճահարույց։

Ադրբեջանի նախագահի վարչակազմի պաշտոնյաներից մեկը BBC-ի թուրքական ծառայությանն ասել է՝ այս պահին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, թուրք զինվորականները չեն կարող դաշտային դիտորդություն իրականացնել, կամ՝ համատեղ պարեկություն։ Ըստ այդմ, հրադադարի մոնիտորինգը իրականացվելու է տեխնիկական միջոցների ու անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ «Ձևաչափի շուրջ քննարկումները, սակայն, դեռ շարունակվում են», - ասել է BBC-ի աղբյուրը։

Ավելի վաղ, խոսելով կենտրոնի մասին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդել էր՝ Մոսկվային հաջողվել է համոզել թուրքերին ու ադրբեջանցիներին՝ չառաջադրել պայմաններ կամ չստեղծել նախադրյալներ, որոնք կարող են հարվածի տակ դնել եռակողմ համաձայնությունն ու կողմերից որևէ մեկին դրդել ծայրահեղ քայլերի։

«Ես նկատի ունեմ վերջին տարիների շատ ծանր ժառանգությունը՝ կապված Առաջին համաշխարհայինի ժամանակ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների՝ Ցեղասպանության հետ։ Այդ գործոնը կարելի է ճանաչել, չճանաչել, բայց ինչո՞ւ սադրել հայկական կողմին՝ շփման գծում թուրք զինվորականների ներկայությամբ։ Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը դա շատ լավ հասկանում է», - ասել էր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը, միաժամանակ, խնդրահարույց չէր համարել, որ հակամարտության գոտում խաղաղության պահպանման պատասխանատվություն է ստանձնում մի երկիր, որը վերջին պատերազմում, դեմ գնալով միջազգային համայնքի հորդորներին, բացահայտ պաշտպանում էր խնդրի ռազմական լուծումն ու այդ հարցում անվերապահ աջակցություն հայտնում Ադրբեջանին։ «Թուրքիան միջազգային որևէ նորմ չի խախտել», - պնդել էր Վլադիմիր Պուտինը։

«Որևէ երկիր, անգամ՝ Հայաստանը, Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել, իսկ դա միջազգային իրավունքի տեսանկյունից նշանակում է, որ Ադրբեջանը վերադարձնում էր այն տարածքները, որոնք իր սեփականն էր համարում, և ողջ միջազգային հանրությունն էր դրանք ադրբեջանական համարում։ Եվ այդ առումով Ադրբեջանն իրավասու էր ընտրել ցանկացած դաշնակցի, որը կարող էր նրան այդ հարցում աջակցել», - շաբաթներ առաջ ասել էր Պուտինը։

Շաբաթներ առաջ Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել Ադրբեջան զորախումբ ուղարկելու՝ երկրի նախագահի առաջարկին։ Ըստ օրենքի, զինվորականները տեղակայվելու են մեկ տարի ժամկետով, նրանց թվաքանակն ու կազմն էլ Ռեջեփ Էրդողանն է որոշելու։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG