Մատչելիության հղումներ

Ռուս-թուրքական կենտրոնի վայրի ու իրականացվելիք խնդիրների շուրջ քննարկումներն ավարտին են մոտենում


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ

Մոսկվան և Անկարան շուտով կավարտեն քննարկումները` Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի համատեղ կենտրոն հիմնելու շուրջ: «Ավարտին են մոտենում համաձայնությունները կենտրոնի տեղակայման վայրի և իրականացնելիք խնդիրների շուրջ»,- այսօր նախագահ Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարարը։

Զերծ մնալով հավելյալ մանրամասներից՝ Սերգեյ Շոյգուն միայն նշել է, թե ռուս-թուրքական այս համագործակցության նպատակն է երաշխավորել կայունությունը և նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ «Համատեղ կենտրոն ստեղծելու որոշումը թույլ կտա հուսալի վերահսկողղություն իրականացնել և դիտարկել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև ամուր հիմք ստեղծել՝ տևականորեն ձգվող այս հակամարտության կարգավորման համար»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։

Հայտնի է, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում, ստույգ տեղը, սակայն, դեռ հստակ չէ։ Ըստ հաղորդումների, այն հավաքագրելու է կրակի դադարեցման, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող տեղեկություններ, արձանագրելու է հնարավոր խախտումները՝ մշտադիտարկման, անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա։

Ընդ որում, ըստ «Ինտերֆաքսի», ռուս-թուրքական այդ կենտրոնը ոչ միայն արձանագրելու է խախտումները, այլև զբաղվելու է դրանց վերաբերող դիմում-բողոքների քննությամբ։ Կրակի դադարեցման շուրջ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության հինգերորդ կետում նշված է, որ նախատեսվում է մոնիտորինգի կենտրոն հիմնել՝ ձեռք բերված համաձայնությունների կատարումը վերահսկելու համար։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ կենտրոնի աշխատանքներին նաև թուրք զինվորականներն են մասնակցելու, ինչի շուրջ նոյեմբերի11-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարը հուշագիր է ստորագրել թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ։

XS
SM
MD
LG