Մատչելիության հղումներ

Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները Արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների հետ քննարկումներից և նշել, որ վերջիններիս հետ հանդիպմանը ընդգծել է, որ կառավարությունը ևս մտահոգված է որոնողական աշխատանքների և գերեվարված անձանց վերադարձի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալներով ու ներդրել և շարունակելու է բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ, ինչը կնպաստի ԿԽՄԿ-ի ռեսուրսների ընդլայնմանն ու մեծացմանը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանն ընտանիքների անդամներին հորդորել է հանուն աշխատանքների արդյունավետության ապահովման՝ զերծ մնալ սոցցանցերում տեղորոշման մասին կամ լրացուցիչ այլ տեղեկատվության տարածումից:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել վերջին օրերին իրականացված որոնողական աշխատանքների և աճյունների փոխանակման աշխատանքների վերաբերյալ:

Կառավարության ղեկավարը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

XS
SM
MD
LG