Մատչելիության հղումներ

Վարչապետի հետ հանդիպմանը որոշվել է, որ որ մի խումբ ծնողներ մասնակցեն իրենց զավակների որոնողական աշխատանքներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան հանդիպել է պատերազմի հետևանքով անհետ կորած և գերեվարված զինվորականների, հարազատների հետ։

Հանդիպման ընթացքում որոշվել է, որ մի խումբ քաղաքացիներ Կարմիր խաչի հետ համատեղ մասնակցեն պատերազմի հետևանքով իրենց անհետ կորած հարազատների որոնողական աշխատանքներին։

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց կորած եղբորորդուն փնտրող Ռուբիկ Գևորգյանը․ - «Ժամկետը սենց ա․ մենք ներկայացնենք, արդեն վարչապետը մեզ կասի որ ժամկետի մեջ ենք մտնում, ոնց ենք անում։ Տաս հոգի տարբեր ուղղություններով ենք էթում, բոլոր էրեխեքի համար։ Զորամասի համարով, անուն-ազգանունով, իրա աֆիցերն ա գալու, զորամասի հրամանատարն ա հետներս գալու, որ մեր էրեխեքին ռեալ ման գանք»։

Ռոբերտ Բարսեղյանը նույնպես փնտրում է իր եղբորորդուն, վերջին անգամ նրա հետ խոսել են հոկտեմբերի 13-ին․ - «Էդ ա ամենաճիշտ վարիանտը, որ ծնողները էթան, իրանց էրեխեքին ման գան, գտնենք։ Բերենք մենք մեր էրեխեքին։ Որը կենդանի ա, որը չկա․․․ գոնե գերեզման ունենանք, լացելու տեղ ունենանք։ էս 45 օր ա սաղս գալիս ենք ստեղ, հլը չի էղել, որ մեկի էրեխեն գտնվի»։

Անհետ կորածների հարազատները վերջին օրերին մայրաքաղաքում բողոքի ցույցեր են կազմակերպում ՝ պահանջելով գտնել իրենց զավակներին։ Երեկ էլ Կառավարության շենքի դիմաց փողոց էին փակել ու հանդիպում պահանջել վարչապետի հետ, ինչից հետո ուշ երեկոյան Փաշինյանը ընդունեց նրանց։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ վարչապետը լսել է նրանց պահանջները ու նոր մանրամասներ ներկայացրել տարվող աշխատանքների վերաբերյալ։ Գևորգյանի փոխանցմամբ, հանդիպման արդյունքում մշտական հաղորդակցության մեջ լինելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Նիկոլ Փաշինյանն էլ կեսգիշերից հետո հայտնեց, որ մեկ ժամվա ընթացքում երկու հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում քննարկվել են նաև անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հարցերը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այսօր «Մեդիակենտրոնի» նախաձեռնած հանրային քննարկման ընթացքում հայտարարեց, որ Արցախի փրկարար ծառայությունն ու Կարմիր խաչը, ռուս խաղաղապահների աջակցությամբ, այցելել են Հադրութի շրջանի մի շարք բնակավայրեր, որոնք այժմ ադրբեջանական տիրապետության տակ են, սակայն ոչ մի ողջ մարդու կամ դիակ չեն գտնել։ Ինչից, ըստ Բեգլարյանի, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը նախօրոք հավաքել է հայ զինծառայողների մարմինները։

«Հետո նոր մուտքի թույլտվություն է տվել, որպեսզի մենք մտնենք և որոնենք անհայտ կորածներին և մարմինները», - հավելեց նա։

Բեգլարյանի գնահատմամբ, ադրբեջանական կողմը գերիների ու որոշ չափով նաև դիակների փոխանակման և որոնման գործընթացում ժամանակ է ձգում՝ փորձելով ավելի խորացնել ներհայաստանյան լարվածությունը ու ավելացնել մարդկանց տառապանքը․ - «Նաև այդ պատճառով է, որ նրանք առայսօր շարունակում են գերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի, լուսանկարների հրապարակումները և տարածումները։ Ու այս տեսանկյունից միջազգային հանրությունը շատ մեծ անելիք ունի, նաև միջնորդ կողմերը, որ պետք է առավելագույնս ճնշել ադրբեջանական կողմին, որպեսզի այս մարդկային ճակատագրերը և մարդասիրական հարցերը չդարձնեն քաղաքական առևտրի հարց»։

Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ, առայսօր ավելի քան 400 մարմին է փոխանցվել հայկական կողմին։ Դիերի մի մասը գնել են փրկարարները, ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչը, մի մասն էլ փոխանակվել է։

Արցախի ՄԻՊ-ի տվյալներով, Ադրբեջանում 50-60 հայ ռազմագերի կա, որոնցից մոտ 30-ի ինքնությունն է պարզվել։

Ռազմագերիների թվի մասին ստույգ տվյալներ երկու կողմն էլ պաշտոնապես չեն տրամադրել։

XS
SM
MD
LG