Մատչելիության հղումներ

Երևանում կայացել է Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության լրատվականի

Արցախում ստեղծված իրավիճակի, հրադադարի հաստատման, Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման հարցերի և Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ մտքեր են փոխանակել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը և Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ։

«Անդրադառնալով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներն ընդգծեցին տեղահանված արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը:

Երկուստեք կարևորվեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման համար գործադրվող ջանքերը, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային մասնագիտացված այլ կառույցների ներգրավմամբ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում։

Այվազյանը և Մայիլյանը կարևորել են միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի պաշտպանության միջոցով: Այս ուղղությամբ ընդգծվել է երկու գերատեսչությունների համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Արցախի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարները նաև քննարկել են Ղարաբաղյան պատերազմում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման, ինչպես նաև ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրների արագ լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

«Մասիս Մայիլյանը նշեց, որ Արցախի արտաքին քաղաքական օրակարգում է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը՝ երաշխավորելու իր հայրենի հողում ազատ և արժանապատիվ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքները», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG