Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն ընդգծում է՝ եռակողմ հայտարարությունում բացակայում է Արցախի հետագա կարգավիճակի կետը


Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Երևանում ասուլիսի ժամանակ, 28-ը նոյեմբերի, 2020թ․
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Երևանում ասուլիսի ժամանակ, 28-ը նոյեմբերի, 2020թ․

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի ներառում կարևոր մի քանի կետեր, ինչպես, օրինակ, Լեռնային Ղարաբաղի ապագա հնարավոր կարգավիճակի հարցը և տարածաշրջանից սիրիացի վարձկանների դուրսբերումը՝ այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպումներից հետո։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանն ընդգծեց՝ Փարիզը կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, որպեսզի դուրս բերվեն վարձկանները, բացի այդ, նախազգուշացրեց՝ Ֆրանսիան պատրաստվում է իր եվրոպական գործընկերների հետ քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

«Ֆրանսիան ի սկզբանե ակտիվ է եղել, և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը միասին գործել են, որպեսզի հրադադար հաստատվի։ Երեք անգամ զինադադար է հայտարարվել, բոլորը խախտվել են, հետո հաստատվել է նոյեմբերի 9-ի հրադարարը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ներառում է 9 կետ, սակայն դուրս են մնացել մի շարք կետեր։ Օրինակ՝ սիրիացի վարձկանների դուսրբերման հարցը, Լեռնային Ղարաբաղի հետագա հնարավոր կարգավիճակի հարցը, ինչպես նաև կան խնդիրներ՝ կապված կայունության և անվտանգության ապահովման հետ։ Ուստի, հարկավոր է, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Այս ցանկությունը նաև հայտնել են հայկական ու ադրբեջանական իշխանությունները», - ասաց Լըմուանը՝ շարունակելով․ - «Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն առաջինն էր, որ իրերն անվանեց իրենց անուններով և նշեց, որ Թուրքիան Գազիանթեփից սիրիացի վարձկաններ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ Ֆրանսիան կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, որպեսզի Թուրքիան դուրս բերի վարձկաններին տարածաշրջանից։ Փարիզը պատրաստվում է իր եվրոպական գործընկերների հետ քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Բնականաբար, շարունակելու ենք հետևողական լինել այդ քաղաքական խնդիրների լուծման ուղղությամբ, որպեսզի կարողանանք հանգել արդյունքի»։

Հարցին՝ արդյոք Փարիզում տպավորություն չունե՞ն, որ Ռուսաստանը պայմանավորվեց Թուրքիայի հետ, օրինակ՝ մոնիթորինգային կենտրոնում լինելու են ռուսներ ու թուրքեր, և արդյոք Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը չի՞ հիշեցնում մեկ դար վաղեմության Լենին-Աթաթուրք հայտնի գործարքը, ֆրանսիացի դիվանագետն արձագանքեց. - «Այդ պատճառով նշեցի, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում կան բացակա կետեր։ Ուստի, անհրաժեշտ է, որպեսզի ներգրավված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կողմերը, և կարողանանք հանգել հակամարտության տևական լուծման՝ կայունության և անվտանգության առումով»։

Ժան-Բատիստ Լըմուանը երեկ է ժամանել Երևան՝ գլխավորելով Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած 25 տոննա մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությունը: Հրադադարի հաստատումից հետո սա Փարիզի ուղարկած մարդասիրական աջակցության երկրորդ ինքնաթիռն է, այսօր հայտարարվեց, որ լինելու են նորերը։

Ֆրանսիացի դիվանագետին այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ շփումները և երախտագիտություն հայտնել արցախահայությանը հումանիտար աջակցություն տրամադրելու համար:

Երեկ Հայաստանի արտգործնախարար Այվազյանի ու Լըմուանի հանդիպմանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, երկուստեք նշվել է Թուրքիայի կողմից տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին դուրս բերելու կարևորությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ժան-Բատիստ Լըմուանն առանձնահատուկ և բարեկամական որակեց Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները։

«Վերջին շաբաթներին նախագահ Մակրոնը բազմաթիվ շփումներ է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և առիթ է ունեցել իր հանձնառությունը արտահայտելու, որը վերաբերում է նաև մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որի մի մասը, ինչպես գիտենք, գտնվում է ադրբեջանական տարածքում։ Այդ գանձերի պաշտպանության համար համագործակցում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ, որոնք ստանձնել են դրանց պաշտպանության առաքելությունը», - ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը։

XS
SM
MD
LG