Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարի հետ


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Արտգործնախարար Արա Այվազյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթը ուղեկցող պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը շեշտել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովելու և նրանց իրավունքների պաշտպանելու ուղղությամբ քայլերի հրատապությունը։ Այվազյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և ժողովրդին այս ճակատագրական պահին արցախահայության կողքին լինելու համար։

Նախարարը մատնանշել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջային անվտանգության և կայունության խաթարման հիմնական գործոն: Այս համատեքստում երկուստեք նշվել է Թուրքիայի կողմից տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին դուրս բերելու կարևորությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:

Արա Այվազյանը և Ժան-Բատիստ Լըմուանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախահայության իրավունքների և շահերի հասցեագրման շուրջ: Այվազյանը կարևորել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը՝ որպես անհրաժեշտ պայման իր պատմական հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապագա կառուցելու համար:

XS
SM
MD
LG